Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան


Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան
Փետրվար 27 18:50 2021

Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես եւ բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ  Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

 

Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

 

«Ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը։ Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը, հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։ Ես դիմում եմ մեր մտավորականությանը՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ կանգնած եք բանակը»,- նշեց Մանուկյանը։

 

Վազգեն Մանուկյանն անդրադառնալով օրենքին՝ նշեց, որ վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու, որից հետո նախագահն ունի եւս 3 օր՝ որոշում ընդունելու՝ կամ ուղարկել ՍԴ կամ համաձայնվել որոշմանը. «Բայց մենք արդեն գիտենք՝ ինչով կվերջանա դա։ Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքը, բանակը կանգնեց ժողովրդի կողքը, այժմ բանակը պիտի սպասի մեր քայլին, արդեն եկավ ժամանակը, որ մենք պետք է քայլ անենք։ Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին»։

 

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթ են կազմակերպել քաղաքում։ Երթից հետո շարժման անդամները կվերադառնան Բաղրամյան պողոտա։