Միայն թուրքական հատուկ ծառայությունների ուղարկած ուժերը կարող են կանգնել Նիկոլի կողքին. Գեղամ Նազարյան


Միայն թուրքական հատուկ ծառայությունների ուղարկած ուժերը կարող են կանգնել Նիկոլի կողքին. Գեղամ Նազարյան
Փետրվար 27 15:40 2021

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում։

«Դուք ուղղակի չգիտեք: Բա ոստիկաններին, որ տարան Շուշիի շենքում պայթեցին, դրանից հետո ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին: Երբ զրուցում ենք նրանց հետ, մեզ ասում են, որ մեր անվտանգությունն են ապահովում: Միայն թուրքական հատուկ ծառայությունների ուղարկած ուժերը կարող են կանգնել Նիկոլի կողքին ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառել»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը երթի ժամանակ շրջում էր ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների հետ, Նազարյանն ասաց. «Նրանք ճիշտ են անում, որովհետեւ Նիկոլը պետք է դատարանում դատվի, իրենք ապահովում էին իր ֆիզիկական անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացել է։ Նա ուղղակի 1,5 սենյակի վարչապետ է։ Գիտեք, այսօր բժիշկները փորձում են ծանր հիվանդին փրկել, իսկ Նիկոլը խանգարում է։ Եկեք, մտածենք վաղվա Հայաստանի մասին, որովհետեւ Նիկոլը շանս չունի: Երբ քեզ արդեն Էրդողանն է աջակցում, այստեղ նույնիսկ մի հոգի էլ չլինի, դու պիտի ամոթից գլուխդ կախեիր եւ տնից դուրս չգայիր։ Մենք այդքա՞ն անարժանապատիվ ազգ ենք, որ թույլ տանք Շուշին, Հադրութը, Ավետարանոցը… չթվարկեմ անդադար, հանձնած մարդը, 5 հազար երեխու սպանած մարդը շարունակի երկիր ղեկավարել»։