Պատերազմից հետո Արցախում հայկական բանակի օրը պետական մակարդակով չնշվեց, անգամ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում չէր, Երեւանում էր


Պատերազմից հետո Արցախում հայկական բանակի օրը պետական մակարդակով չնշվեց, անգամ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում չէր, Երեւանում էր
Հունվար 28 18:46 2021

44-օրյա պատերազմից հետո Արցախում հայկական բանակի օրը պետական մակարդակով չնշվեց, անգամ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում չէր, Երեւանում էր։ Արցախցիներն այսօր փոքր խմբերով, ընտանիքի անդամներով, ընկերներով ինքնակազմակերպվեցին եւ այցելեցին արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, ծաղիկներ դրեցին, հիշեցին, սգացին, լացեցին…

Հուշահամալիր այցելողները լուռ էին եւ մտախոհ, նաեւ քչախոս։ Հարցերս հիմնականում տխուր ժպիտի էին արժանանում կամ էլ ձեռքի մի շարժման, որ նշանակում է, թե խոսելու սիրտ չկա։   Պաշտպանության բանակի վերանորոգման-վերակառուցման բազայի հրամանատար Արկադի Ծատրյանն էլ էր հուշահամալիրում։ Եկել էր իր զոհված ընկերների շիրիմներին այցի։

Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հատկապես հիմա դժվար է այստեղ գալը։ Ամենով հանդերձ հրամանատարը մի բան հաստատ գիտի. «Մեջքներս կարող ենք շտկել։ Պարտավոր ենք շտկել, պարտավոր ենք բանակը հզորացնել»։ Ինքն իր կողմից խոստանում է. «Ինչքան պետք լինի՝ ես կծառայեմ իմ ազգին»։

Արկադի Ծատրյանը նաեւ մի փոքր տարակուսած է. «Ես ճիշտ կհամարեի, որ պետական ձեւով նշվեր Բանակի օրը։ Բայց երեւի վիշտը այնքան մեծ է, որ չեն կողմնորոշվել։ Ինչեւէ, մենք պիտի լինենք, պիտի հզորանանք, չպիտի կոտրվենք»։