«Նավակ ճոճողի» սրտի նախարարը կոտրեց վարչապետի և բանակի ղեկավարության միջև «սինխրոն» կապի միֆը (լուսանկարներ)


«Նավակ ճոճողի» սրտի նախարարը կոտրեց վարչապետի և բանակի ղեկավարության միջև «սինխրոն» կապի միֆը (լուսանկարներ)
Հունվար 25 22:10 2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում, ասել է.

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները»։ Այսպիսով պաշտոնաթող նախարարն առաջին անգամ հայտարարեց բանակի ղեկավարության և վարչապետի միջև առկա տարաձայնությունների և անվստահության մթնոլորտի մասին, որին նախկին նախարարը տվել է ավելի մեղմ՝ «անհստակություն» ձևակերպումը։  

Հավանաբար քչերը կմտաբերեն, որ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո և պատերազմի սկզբնական փուլում ակտիվորեն շրջանառվում էր այն թեզը, որ Հայաստանի պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և վարչապետը նույն պատկերացումներն ունեն ռազմական գործի նկատմամբ, և որ Փաշինյան–Տոնոյան–Գասպարյան եռյակը դարձել է թշնամու սարսափը։ Այս թեզի ակտիվ ջատագովներից էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը։ Վերջինս ֆեյսբուքում ներկայանում է «Նավակ Ճոճող», իսկ նախքան Արցախի կապիտուլացիոն համաձայնագիրը՝ նաև «Օմարի արծիվ» կեղծանուններով։

ՔՊ–ական «Նավակ ճոճողը», ով վերջերս պասիվացել է ֆեյսբուքում և այլևս իր  բառերով ասած՝ «գրոհայինների բանակի հրամանատարի» վերաբերյալ գրառումներ չի անում, նախքան կապիտուլացիոն ակտը, բավականին ակտիվ էր ֆեյսբուքում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝  «Իմ սրտի նախարարը», «Երկու ախպեր, երկուսն էլ մի բոյի» և նմանատիպ մտերմիկ գրություններով։ 2020թ. հոկտեմբերի 1–ին՝ պատերազմի չորրորդ օրը, Վիլեն Գաբրիելյանն իր էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, գրել էր.

«Եկել եմ ասեմ, որ այս նկարը այն մասին է, որ երեկ ՊՆ մի այլ շատ բարձրաստիճան ծառայող, ինձ ասեց, որ հիացած է, թե զինվորականի ոգու ու ռազմական գործի փիլիսոփայության հետ որքան բնական, ճշգրիտ և սինխրոն մտածելակերպ ունի մեր Նիկոլը: Հավելելով նաև, որ ուղղակի թույն ա, որ մեր Գերագույն Գլխավոր Հրամանատարը այս օրհասական պահին, երբ ըստ էության գոյատևման կռիվ է գնում, այս Ուժեղ տղեն ա

հ.գ. էն մի քանի Բաստարդին էլ ասեք, թող չկասկածեն հատ հատ պատասխան են տալու»։

Այն, որ դժոխային պատերազմի 44 օրերի ընթացքում և դրանից հետո հասարակությունն իր մաշկի վրա զգաց զինվորականի ոգու և ռազմական գործի փիլիսոփայության հետ Նիկոլ Փաշինյանի «բնական», «ճշգրիտ» և «սինխրոն» մտածելակերպի հետևանքը, քննարկման ենթակա չէ։ Փաստն այն է, որ վարչապետի՝ բանակից կիլոմետրերով հեռու լինելու և պատերազմի ժամանակ իրար չհասկանալու հետևանքների մասին այսօր խոստովանում է արդեն Փաշինյանի երբեմնի ամենավստահելի և հավատարիմ կադրերից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։  Վերջինս իր հարցազրույցում ոչ միայն հրապարակավ  կոտրեց Փաշինյանի՝ զինվորական գործի նկատմամբ ունեցած «սինխրոն» մտածելակերպի վերաբերյալ տարածված միֆը, այլև այն թեզը, թե բանակի ղեկավարությունն ու վարչապետը նույն պատկերացումներն ունեն բանակի և ռազմական գործի նկատմամբ։

Հ. Գ. Առաձնացրել ենք «Նավակ ճոճողի»՝ բանակի, Տոնոյանի և Փաշինյանի վերաբերյալ նախկինում արած գրառումներից մի քանիսը։