Իշխանությունները հակաքարոզչություն են տանում հաջողակ մարդկանց դեմ․ մարդիկ, որոնք իրենց լվացքի մեքենան ապառիկ չեն գնել, պրտադիր չէ՝ գող կամ թալանչի լինեն. Իշխան Սաղաթելյան


Իշխանությունները հակաքարոզչություն են տանում հաջողակ մարդկանց դեմ․ մարդիկ, որոնք իրենց լվացքի մեքենան ապառիկ չեն գնել, պրտադիր չէ՝ գող կամ թալանչի լինեն. Իշխան Սաղաթելյան
Հունվար 25 21:55 2021

Ես իմ կյանքի 38 տարիների ամեն օրվա և ժամվա համար կարող եմ տալ հանրային հաշվետվությունն, երբևէ բարձրաստիճան պաշտոնյա չեմ եղել, բացառությամբ իշխանափոխությունից հետո այդ 4 ամիսը, երբ մարզպետ նշանակվեցի, նույնիսկ հեռավոր ծանոթ կամ բարեկամ չեմ ունեցել, կուսակցության մեջ էլ ղեկավար դիրք չեմ ունեցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով օգտատերերի հարցերին, թե որտեղից նրան այդքան կարողություն:

Սաղաթելյանը կատակեց՝ ասում են նաև ունեմ 5 հարկանի առանձնատուն 12 աղախիններով: «Ընտանիքս և ես մշտապես զբաղվել ենք բիզնեսով, առաջին ընկերությունս ստեղծել եմ 2005 թվականին, երբ ուսանող էի, սա հանրային փաստ է: 15 տարի 16-18 ժամ գիշեր, ցերեկ աշխատել եմ, ոչ մեկից ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, ոչ էլ որևէ մեկի հետ կապ եմ ունեցել: Ներողություն անհամեստության համար, իմ գիտելիքների, իմ աշխատասիրության, իմ ընդունակությունների հաշվին  զբաղվել եմ բիզնեսով, աշխատել եմ: Չափազանցություն է այն ամեն ինչը, որ խոսվում է: Այո ես բիզնեսով եմ զբաղվել ստեղծել եմ աշխատատեղեր, վճարել եմ հարկեր»,- ասաց նա և ընդգծեց՝ հիմա ևս զբաղվում է և քանի դեռ օրենքը չի արգելում, զբաղվելու է գործարարությամբ:

Սաղաթելյանն ընդգծեց՝ ընդհանրապես, վերջին շրջանում մեր հասարակության մեջ, ովքեր բիզնեսով են զբաղվել, փոքր կարողություններ ունեն, դարձել են թիրախ, պետական մակարդակով այդ մարդկանց դեմ հակաքարոզչություն է իրականացվում:

«Գիտե՞ք ինչի, որովհետև այսօրվա իշխանության եկած մարդիկ մինչև նախարար, պատգամավոր կամ մարզպետ դառնալը որևէ օգտակար գործ չեն արել, որևէ բարիք չեն ստեղծել, ուստի ակնհայտ հակաքարոզչություն կա այն մարդկանց նակատմամբ, ովքեր այս երկրում աշխատել ու ապրել են: Պետք է բոլորը հասկանան՝ այն մարդիկ, որոնք իրենց լվացքի մեքենան ու հեռուստացույցը ապառիկ չեն գնել, պարտադիր չէ գող կամ թալանչի լինեն: Ես երբեք պաշտոնյա չեմ եղել, այդ դիրքրց չեմ օգտվել, այն կարողությունները, որ ունեմ ստեղծել եմ ես ու դրա համար միայն կարող եմ հպարտանալ»,- հայտարարեց նա:

Հարցին էլ՝ «Ծովասար» հյուրանոցային համալիրն իրենն է, թե՝ ոչ, նա ասաց. «Այդ հյուրանոցը պատկանում է ընտանիքիս, հարյուր տոկոս բաժնետերը հայրս է. ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին, 5 տարի է տևել համալիրի շինարարությունը: Կառուցվել է վարկային միջոցներով, ամայի դաշտում, մի հրաշալի համալիր ենք ստեղծել, ստեղծել ենք աշխատատեղեր և հաջողել ենք»: