Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում. Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի


Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում. Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի
Հունվար 25 17:35 2021

Հունվարի 4-ի երեկոյան իր տունը վառած՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանն իր ընտանիքի՝ կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ այժմ ապրում է նույն գյուղի հին ու խոնավ մի տանը, սակայն նշում է՝ իրեն կացարանը չի հետաքրքրում։ NEWS.am-ի հետ զրույցում շուռնուխցին նշեց, որ ինքը շարունակում է իր հողը պահանջել, որը հունվարի 5-ին հանձնվեց Ադրբեջանին։

«Կացարանն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, ես մեշոկում էլ, դոմիկում էլ կմնամ, ինձ իմ հողն է պետք, որ կարողանամ կանգնել։ Ես տան համար չեմ նվնվա, տուն կսարքեմ, քարը քարին կդնեմ, ես հող պահանջող մարդ եմ, տուն պահանջող մարդ չեմ։ Նույն հոգեբանությամբ էլ դաստիարակում եմ իմ երեխաներին»,- պատմեց Արարատը։

Նա ասաց, որ հիմա էլ Շուռնուխում է. «Մեզ մոտ մարդիկ գալիս են, լուսավորության հարցն են լուծում, սահմանապահներին են աջակցություն հայտնում։ Քիչ առաջ մարդիկ էին եկել նաեւ համայնքապետարանից»։

Հարցին՝ համայնքում ի՞նչ դրություն է վերջին օրերին, բնակիչը պատասխանեց. «Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում։ Եկեք իմ ընտանիքի հետ ապրեք ու ականատես եղեք, թե որքանով է հանդարտվել վիճակը։ Մեր գյուղի այդ ճանապարհի լայնությունն ընդամենը 6 մետր է, մեզ 6 մետրն է բաժանում թշնամուց, իսկ թշնամին ամենավատ բանին էլ ընդունակ է։ Երեխաներիդ ասում ես՝ թասիբդ տեղը պահի, նամուսով եղի, ու գնում, պատուհանից նայում ես քո վառված տանը, քո արած-դրածին, որը վառել ես»։

Նա պատմեց, որ եղբայրն այս պահին մնում է գյուղապետարանի շենքում. «Շուտով կսկսվեն գարնանային աշխատանքները, անասունները օրը մեկի գոմն ենք պահում, դեռ հույս ունենք, որ տուն ենք վերադառնալու»։