«Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ». Արման Աբովյան


«Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ». Արման Աբովյան
Հունվար 21 17:16 2021

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իրև էջում գրել է. «Դուք նկատե՞լ եք, թե ինչպես դոզավորված, կամաց-կամաց իշխանությունները և անձամբ գլխավոր հողատու Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս մոտեցնում է այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ, իր որակավորմամբ՝ դժգույն Շուշիի վերադարձն անհնարին է, քանզի «90 տոկոս» բնակիչները ժամանակին ադրբեջանցիներ էին, Շուռնուխը, Որոտանը և էլի հայկական գյուղեր գտնվում են «ադրբեջանական տարածքում»։
Մի խոսքով` կաթիլ-կաթիլ, քայլ առ քայլ, խոսք առ խոսք մեզ «պարապացնում են» մերվել, համակերպվել, հնազանդվել ...Այլ կերպ ասած` համաձայնվել, մեր հայրենիքի մի մասի վաճառքի հետ և նախապատրաստվել մնացած մասերի հանձնմանը։
Ես բնավ ոչ մի պարագայում չեմ չափազանցնում: Դատեք ինքներդ իր և իր թիմակիցների խոսքերի և քայլերի մասին։ Ակնհայտ է այլևս ինձ համար, որ ոչ թե հանցավոր անկարողությունն է կամ քաղաքական տգիտություն է այս իրենց քայլերի տրամաբանությունը, այլ այդ մարդիկ, շատ հետևողական և հասկանալով, իրականացնում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագծերը հայկական գործոնի վերջնական չեզոքացման ուղղությամբ։
Ինչու են սրանք մեզ տալիս թուրքի փուռը և ինչի դիմաց հետագայում կպարզվի, սակայն հիմա պետք է բոլոր քաղաքական միջոցները ձեռնարկել, որ հրատապ կանգնեցնել փաշինյանական հրեշավոր նախագիծը։
Ես սա լրիվ լուրջ եմ ասում։ Ժողովո՛ւրդ, խնդրում եմ անձամբ իր և իր թիմակիցների հայտարարությունները լսեք վերջին երկու շաբաթվա ընթացքում, համադրեք լսածներդ և արեք հետևություններ։
Օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Փաշինյանը և իր շրջապատը պետք է հեռանա, անհապաղ...Ախր ո՞նց չեք տեսնում, թե ինչպես են իրենք Փաշինյանի գլխավորթյամբ ստորացնում մեր անցյալը, նսեմացնում ներկան և խժռում Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ազգի ապագան... Ձեր երեխաների ապագան ի վերջո։
Մտածե՛ք, խնդրում եմ, լավ մտածեք, ժողովո՛ւրդ»: