Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար


Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար
Հունվար 20 21:35 2021

ային Ղարաբաղի հակամարտության աստիճանական կարգավորման մասին հայեցակարգը, որը Ռուսաստանը պատրաստել էր տարիներ առաջ, թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Նրա խոսքով՝ 2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի փուլ առ փուլ կարգավորման հայեցակարգը, որի վերջին խմբագրմամբ փաստաթուղթը կողմերին է փոխանցվել 2019 թվականին:

«Եթե այս առաջարկները հաջողվեր իրականացնել, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պայմաններ կստեղծվեին բնականոն կենսագործունեության համար, իսկ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած շրջանները՝ չդիմելով ուժի կիրառմանը»,- ընդծել է պաշտոնյան:

Նուրգալիևը պարզաբանել է, որ հայեցակարգը ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո, Լեռնային Ղարաբաղին իշխանության մարմիններ և ինքնապաշտպանական ուժեր ձևավորելու իրավունք տրամադրել, ինչպես նաև դադարեցնել տարածաշրջանի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Երկրորդ փուլում նախատեսվում էր Բաքվի վերահսկողությանը հանձնել ևս երկու շրջան՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պարզման հետ մեկտեղ, որը տեղի կունենար հանրաքվեի անցկացման եղանակով՝ միջազգային նորմերին համապատասխան»: Նախատեսվում էր նաև Լաչինի շրջանում միջանցք թողնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար:

«Այդ առաջարկները բանակցային գործընթացի հիմնական թեման էին, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անմիջական երկխոսությունը չի դադարել մինչև 2020 թվականը, սակայն, ցավոք սրտի, լիակատար համաձայնության հասնել կողմերին չհաջողվեց»,- հավելել է գործիչը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: