Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
Հունվար 20 20:23 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության տարածած հաղորդագրությունից։

«Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ Կառավարության նախաձեռնած ծրագրերը:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում։