Ինչո՞ւ է կանոնավոր բանակը միայն հունվարի 5-ից ներգրավվել Սյունիքի պաշտպանությանը․ պատգամավորը՝ Փաշինյանին


Ինչո՞ւ է կանոնավոր բանակը միայն հունվարի 5-ից ներգրավվել Սյունիքի պաշտպանությանը․ պատգամավորը՝ Փաշինյանին
Հունվար 20 20:01 2021



ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն այսօր՝ հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու Սյունիքում սահմանազատում արվեց հայտարարությունից դուրս եւ թե ինչու կակոնավոր բանակը միայն հունվարի 5-ից ներգրավվեց Սյունիքի պաշտպանությանը։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նախկինում արված իր հայտարարությունը, որ որոշումները կայացվել են ռազմական նոր էսկալացիան այդ թվում՝ Սյունիքում կանխելու եւ Սյունքի անվտանգությունն ապահովելու համար։

 

«Կարող էր լինել ռազմական էսկալացիա, որն անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք։ Շատ դեպքերում մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունքից տարածքներ են զիջվել։ Սյունիքից ոչ մի մետր տարածք չի զիջվել, որովհետեւ Սյունիքի էն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է այդ տարածքն այդ թվում 2010թ․ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որին կողմ է քվեարկել ԲՀԿ-ն, այդ թվում՝ դահլիճում նստած պատգամավորներ, որով հստակ արձանագրել են, որ, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի հանրապետությունը։ Բայց հասկանում եմ նաեւ, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որն արձանագրված է այդ օրենքով։ Այդ օրենքին կողմ քվերակած բոլոր խմբակցություններն առանց բացառության այսօր ընդդիմություն են եւ իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա։ Բանակցային բոլոր գործընթացներով Կուբաթլու եւ Զանգելան շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր հրահանգով են ձեւավորվել Սյունիքի ինքնապաշտպանության ուժերը, եւ նրանք այդ հատվածներում տեղակայվել են այն ժամանակ, երբ դեռ ակտիվ ռազմական գործողություններ այդ տարածքներում տեղի չէին ունենում։