Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ի հիշատակ Հրանտ Դինքի, Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի


Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ի հիշատակ Հրանտ Դինքի, Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
Հունվար 19 20:37 2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է 14 տարի առաջ այս օրը սպանված պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը և տեղեկացրել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի:

«Թուզլայի հայկական որբանոցի, որտեղ անցել է Հրանտ Դինքի մանկությունը, կարգավիճակի մասին փոփոխության ծրագիրը միաձայն ընդունվել է մեր ավագանու նիստում: Այսպիսով, «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի կառուցման համար խոչընդոտներ չկան: Ողորմածությամբ եմ հիշատակում նրա մահվան տարելիցը»,- գրել է Ստամբուլի քաղաքապետը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: