Համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղվե՞ց, թե՞ ոչ, կփաստի քննիչ հանձնաժողովը. Անի Սամսոնյան


Համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղվե՞ց, թե՞ ոչ, կփաստի քննիչ հանձնաժողովը. Անի Սամսոնյան
Հունվար 18 21:35 2021

Չգիտեմ, թե որքանով է Անահիտ Ավանեսյանը մասնագետ, որքանով է կոմպետենտ համակարգը կառավարելու համար, ինչքան գիտեմ նա իրավաբան է։ Այս մասին NEWS.amի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով Առողջապահության նախարարի պաշտոնում  Ավանեսյանի նշանակմանը։

Անդրադառնալով այդ պաշտոնից Արսեն Թորոսյանի ազատմանը, եւ հարցին, թե՞ այդ դեպքում Թորոսյանին հրավիրելո՞ւ են կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Անի Սամսոնյանը դրական արձագանքեց, ընդգծելով, որ նրա հրաժարականը որեւէ կերպ չի խանգարելու հանձնաժողովի աշխատանքներին։

«Հրավիրելու ենք բոլորին, ովքեր որոշում կայացնելու լծակներ են ունեցել, ովքեր ազդեցություն են ունեցել այդ որոշումների կայացման վրա եւ բոլոր այն մարդիկ, որոնք իրագործողն են եղել այդ որոշումները։  Դա տարբեր ոլորտի մարդկանց մի մեծ խումբ է ընդգրկում։ Բոլորին կանչելու ենք, նրանք, ովքեր պարտավոր չեն, բայց եթե կանչենք ու գան, իրենց պատիվն է, բայց նրանք ովքեր պարտավոր են, պիտի գան ու հանձնաժողովին բացատրություններ տան, պատասխանեն մեր հարցերին։ Եթե նույնիսկ այդ ընթացքում համավարակի դեմ պայքարում պատասխանատու պաշտոնյա է հեռանում, կարծում եմ այստեղ քաղաքական  պատասխանատվության հարց կա, եւ պարոն Թորոսյանը չէ, որ պետք է որոշի գա՞, թե՞ չէ, այլ նրա քաղաքական  թիմը, որում նա շարունակում է աշխատել»,- նշեց Սամսոնյանը։

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե համավարակի դեմ առողջապահական համակարգը արդյունավետ պայքար է մղել։ Արդյունավետ պայքար է մղվե՞լ, թե՞ ոչ, ըստ Սամսոնյանի՝ դա կփաստի քննիչ հանձնաժողովը։

«Բնականաբար, այն մարդը, ով համակարգել է այդ պայքարը, պիտի դափնեպսակ դնի իր գլխին դրա համար, բայց կարծում եմ՝ սխալ է սեփական գլխին դափնեպսակ դնել, երբ չորս կողմը բացահայտել ու բարձրաձայնել են այնպիսի խնդիրներ, որոնք ակնհայտ վկայում են, որ միգուցե դա արդյունավետ չի եղել։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է հենց դրա համար, որպեսզի քննի եւ հասկանա, որտեղ էր սխալը եւ որտեղ պետք էր ճիշտ անել»,- հավելեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը։



loading...