«Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ո՞նց կլինի». քաղաքացիները՝ թանկացումների մասին


«Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ո՞նց կլինի». քաղաքացիները՝ թանկացումների մասին
Հունվար 16 20:14 2021

168.am-ը գրում է.

Նախորդ տարեվերջից սննդամթերքի շուկայում գների աճ է գրանցվել: Պարենային շուկայում հիմնականում թանկացել են ալյուրը, հացը, շաքարավազը, ինչպես նաև ձեթը, վերջինը թանկացել է 30-40 տոկոսով: Որոշակիորեն թանկացել են նաև ցիտրուսային ապրանքները:

168.am-ը շրջել է Երևանի փողոցներով և թանկացումների վերաբերյալ զրուցել քաղաքացիների հետ:

«Թանկացումներ չպետք է լինեն, ժողովուրդը մեղք է, գնալով ծանրանում է ժողովրդի վիճակը, պետք է մի բան արվի, որ ժողովրդի վիճակը մեղմացվի: Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ո՞նց կլինի՝ չգիտեմ»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ հիմնականում թանկացել են առաջին սպառման ապրանքները, ապա հավելեց, որ գումարը վճարելիս  է տեսնում, որ տարբերությունը հսկայական է.

«Հացը, ալյուրն է թանկացել շատ: Որ խանութ եմ մտնում՝ զգացվում է տարբերությունը, հսկայական տարբերություն, էլի եմ նշում՝ առաջին սպառման ապրանքների դեպքում: Վերջում, որ գումարը կարդում եմ, նոր զգում եմ, որ թանկացել է»:

Եղան քաղաքացիներ, որոնք այնքան էլ դժգոհ չէին թանկացումներից.

«Ինձ համար այդքան էլ չի թանկացել, աննշան է, որ չեմ զգում, ավելի լուրջ խնդիրների մասին ենք մտածում, թանկացումը մեր վրա չի ազդել»:

Իսկ դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ նշում են՝ ալյուրը, ձեթը թանկացել է, կանայք պատասխանեցին.

«Հա, թանկացել են, բայց մենք արդեն սովորել ենք թանկացումներին, այնպես չէ, որ լայնամասշտաբ թանկացումներ են, բացի այդ էլ, եթե ձեթին է վերաբերում խնդիրը՝ ասացին, որ արևածաղկի հետ կապված է: Խնդիրներ կան, մենք հասկանում ենք, մենք ամեն ինչ հասկանում ենք»:

Քաղաքացիներից տարեց մի կին էլ հերթով թվարկեց, թե ինչ է գնել խանութից, ապա բողոքեց օրվա իշխանություններից.

«Ձու, պանիր, հավի բուդ, 1 պաչկա նրբերշիկ ու մի հատ էլ պեչենի: Ո՛չ թոշակ բարձրացրեց, ո՛չ նպաստ բարձրացրեց, ոչ մի բան, հազիվ իրենց պարգևատրումների համար է. արտասահմանից բերած սաղ գումարները լափեցին իրենք: Կորչեն գրողի ծոցը, այդքան բան կարող եմ ասել, բոլորը պետք է կորչեն գրողի ծոցը, Նիկոլ կոչեցյալը սատանա է եղել: Ես այն գլխից էլ ասում էի՝ մի՛ ընտրեք դրան, մի՛ ընտրեք, դրա աչքերին որ նայում եք՝ բավական է արդեն, ինքը սատանա է, մի՛ ընտրեք, ինքը ժողովրդին տանելու է կործանման, ու այդպես էլ եղավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 


loading...