Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան (տեսանյութ)


Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան  (տեսանյութ)
Դեկտեմբեր 3 16:37 2020

Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձեւավորի, եւ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին:

«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:

 

Վանեցյանը նաեւ հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»:

 

Վանեցյանն ասաց, որ առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն. «Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»: