Արցախցի երեխաները Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման դասընթացների են մասնակցում


Արցախցի երեխաները Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման դասընթացների են մասնակցում
Նոյեմբեր 28 19:08 2020

Տեխնոլոգիական դասընթացների ծրագիրը կենտրոնն իրականացնում է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։Արցախցի պատանիներն առաջին անգամ են  համակարգչային ծրագրավորման դասընթացի մասնակցում։ Ամեն բան նոր է վիրտուալ տիրույթում։

 

Հարությունը 15 տարեկան է։ Բերձորից է, գրաֆիկ դիզայնի ծրագրավորում է սովորում։Հիմա այն, ինչ անում է,խիստ տարբերվում է դպրոցում անցած ինֆորմատիկայի դասերից: Հարությունին հասակակից է Իլոնան,նա էլ  Հադրութի շրջանի Տումի գյուղից է, հաշվապահ է դառնալու։ Թեև իր ընտրած մասնագիտությանը չի առնչվում այն, ինչ հիմա փորձում է սովորել, այնուամենայիվ իր համար սա  գիտելիքի հետաքրքիր աշխարհ է, գուցե մի օր պետք գա:

Անիմացիայի, վեբ ծրագրավորման և շարժական գրաֆիկայի դասընթացների մասնակիցների նոր ձևավորված խմբերում միայն  արցախցի պատանիներն են։ Հարությունն ու Իլոնան  առաջին սաներն են,խումբը  դեռ համալրվելու է, հետաքրքրվող, ցանկություն հայտնող պատանիներ էլի կան։ Տեղեկատվական տեխնոլգիաների այս  ծրագրերի ուսումնասիրությունը հեռահար նշանակություն ունի, նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը ամենապահանջվածն է մնում ռազմական ու ռազմավարական տեսանկյուններից։

 

Բացի համակարգչային ծրագրավորման դասընթացից նաև ոչ ֆորմալ ժամանց, կրթություն են տալիս: Մինչև 10 տարեկան փոքրիկները Արցախի տարբեր շրջաններից են։ Ինտերակտիվ խաղեր ու անգլերեն են պարապում։ Արցախցի փոքրիկները նախ ստանում են անգլերենով հաղորդակցման տարրական գիտելիքներ։ Ինտերակտիվ խաղերն ու խմբակային աշխատանքը երեխաների մեջ աշխուժություն է մտցնում, լեզվի բարդություններն արագ են հաղթահարում, ինչպես նաև խմբային  աշխատանքի կարևորությունն են յուրացնում: