Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ)


Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 28 16:55 2020

Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ և այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

«Մեր այսօրվա այստեղ գտնվելու նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են ուղղակի անելանելի վիճակում: Այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի մեր տղաներին հետ բերելը, չգիտեմ՝ դա ոնց պետք է անենք, բայց պետք է անենք: Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրենք այս պայամններում»,- ասաց նա:

Նա հավելեց՝ իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատրազմի համար: «Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց Միքայել Պողոսյանը:

Դիտարկմանը՝ այդ մեկ հոգին հրաժարական չի տալիս, նա նշեց. «Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ես ցավով եմ ասում դրա մասին, ես չեմ ուզում, հայ ենք, բայց այսպիսի սխալ գործե՞լ, դավաճանությունը գործե՞լ»:

 



loading...