Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչուներ գնել Ռուսաստանի հետ սահմանին օգտագործելու նպատակով. Defence Express


Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչուներ գնել Ռուսաստանի հետ սահմանին օգտագործելու նպատակով. Defence Express
Նոյեմբեր 28 16:12 2020

Ուկրաինան 2021 թվականին պատրաստվում է Թուրքիայից գնել Bayraktar TB2 անօդաչու սարքեր, որոնք հիմնականում օգտագործվելու են Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով հետախուզություն իրականացնելու նպատակով. այս մասին տեղեկացնում է Defence Express հրատարակությունը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակի հայտարարությանը: 

Նրա խոսքով՝ նշված հարվածային-հետախուզական թռչող ապարատներն ունեն «մի փոքր այլ տակտիկական-տեխնիկական բնութագրեր՝ մասնավորապես բարձրություն և հեռահարություն»: 

Գործակալությունը նշում է, որ զինվորականի հայտարարությունից պարզ չէ՝ խոսքը 5, թե 10 անօդաչու սարքի մասին է, քանի որ Defence Express-ի համաձայն՝ այդ սարքերի հետ մեկտեղ նաև ղեկավարման կայաններ են գնվելու: 

«Ծրագրում են նոր Bayraktar TB2-ները պաշտպանության ապահովման համար Սև և Ազովի ծովերի առափնյա հատվածներ ուղարկել»,- նշել է գործակալությունը՝ մանրամասնելով, որ այս սարքերի յուրահատկություններից է մինչև 300 կիլոմետր հեռահարությունից կամ հավանաբար արբանյակային կապի միջոցով առանց հեռահարության ղեկավարվելու հնարավորությունը: