Աշխարհի առաջ մեր ճակատը պարզ պահենք և պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)


Աշխարհի առաջ մեր ճակատը պարզ պահենք և պահանջենք՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
Նոյեմբեր 28 15:27 2020

Ունենք շատ ու շատ գերիներ և ունենք կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամու տարածքում, պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են այդ տղաներին վերադարձնել տուն, քանի դեռ ժամանակ կա, եթե անցնի ժամանակ, արդեն ուշ կլինի: Եթե չաղաղակենք, մենք կկորցնենք գերի ընկած տղաներին, և զոհված զինծառայողների դիերը պետք է հասնեն իրենց հարազատներին. այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների գերեվարված և անհետ կորած զինծառայողների համար ակցիայի ժամանակ նշեց դերասան Հրանտ Թոխատյանը:

«Դիմում եմ արվեստագետներին՝  դիմեք այն կոլեգաներին, որոնք գտնվում են արտերկրում, թող իրենք ևս դիմեն իրենց Կառավարությանը և ՄԻՊ-ին, Կարմիր Խաչին, բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել: Այո, ի սկզբանե սխալ է, որ հայտարարության մեջ ժամկետներ նշված չեն, թե գերիները և դիերը, երբ կվերադարձվեն: Արված է այդ ամոթալի սխալը, որն այսօր պետք է ուղղել, ընդհուպ մինչև իսկ պայման դնելով, որ կդադարեցնեմ տարածքների վերադարձի գործընթացը, մինչև չվերադարձվեն գերեվարված տղաները տուն: Գոնե աշխարհի առաջ մեր ճակատը փորձենք պարզ պահել և պահանջել, որ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը»,- նշեց նա:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ տեղեկություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության, դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ.

«Նորից եմ խնդրում՝ բարձրացնենք մեր ձայնն էլ ավելի ինտենսիվ, որքան մեր բողոքը գնա միջազգային ատյաններ, այնքան մեկ վայրկյան առաջ կկարողանանք լուծել մեր տղաների գործը: Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ է որոշելու կառավարությունը, որն այժմ պարալիզացված է, կամ քաղաքական կուսակցությունները, գոնե մեկ անգամ, բոլորը միահամուռ իրար կողք կանգնեն»,- ընդգծեց նա: