Գյուղի ճամփի տակն ադրբեջանական տարածք է եղել, վերևը՝ հայկական․ Շուռնուխում չգիտեն՝ որտեղով է անցնելու սահմանը


Գյուղի ճամփի տակն ադրբեջանական տարածք է եղել, վերևը՝ հայկական․ Շուռնուխում չգիտեն՝ որտեղով է անցնելու սահմանը
Նոյեմբեր 28 14:39 2020

Պատերազմի ընթացքում սահմանամերձ դարձած` Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մարդիկ անհանգիստ են, տեղյակ չեն, թե դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո որտեղով է անցնելու սահմանը, անվտանգ է լինելու գյուղում ապրելը, թե ոչ։

«Ձորի մեջ Ադրբեջանի նախկին գյուղերից մեկն է։ Մեր պոստերը հիմա այնտեղ են։ Դրա դիմացն էլ մեկ պոստ ունենք, բայց չգիտենք՝ ժամանակավո՞ր է, թե՞ հիմնական։ Հարցը սա է, եթե մենք իմանանաք, որ հիմնական չենք մնալու՝ պետք է ուրիշ տեղ դիրքավորվենք՝ ավելի մոտենանք գյուղին»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Շուռնուխ գյուղի բնակիչ Նորայր Զախարյանը։

Բնակչի խոսքով՝ խորհրդային միության տարիներին սահմանը անցել է հենց գյուղի գլխավոր ճանապարհի կողքով։

«Ճանապարհի տակը Ադրբեջանի տարածքն է եղել, ճամփի վերևը մեր հայկական հողն է եղել»,- նշեց նա։

Նորայր Զախարյանը ՌԴ-ից է ժամանել Սյունիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ դիրքապահներն ակնկալել են, որ նոյեմբերի 9-ից հետո պետք է հակահարձակման անցնեն, սակայն հակառակն է եղել։ Եթե դիրքերը թողնելու եւ հետ գալու հրաման լինի, Նորայր Զախարյանը կարծում է, որ դիրքապահները համաձայն չեն լինի, քանի որ այդ դեպքում Շուռնուխում այլեւս անվտանգ չի լինի ապրելը։

«Կարծում եմ՝ դրանից հետ գալը ինքնասպանության հավասար մի բան է, ուրեմն պետք է ընտանիքիս հավաքեմ, քոչեմ այստեղից։ Լավ ասացվածք կա՝ թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության համաձայն Արցախի Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին կհանձնվի դեկտեմբերի 1-ին։



loading...