Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա «արցախյան սցենարով» հարձակման ռիսկ կա. AgoraVox


Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա «արցախյան սցենարով» հարձակման ռիսկ կա. AgoraVox
Նոյեմբեր 28 14:26 2020

Ֆրանսիական AgoraVox հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա հարձակման հավանականությունը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ, քանի որ Ուկրաինան ավելի ու ավելի է Մինսկյան պայմանավորվածությունները տանում փակուղի (վերջին հանդիպման ժամանակ քննարկումը դադարեցվել է), տեղեկություններ կան, որ Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա արցախյան սցենարով հարձակման ռիսկ կա:

Կանգնեցված բանակցությունների այս պայմաններում Ուկրաինան առաջնագծում ավելի ու ավելի շատ ծանր զենքեր է կուտակում, ինչը վկայում է արցախյան սցենարով Դոնբասի վրա հարձակման մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ WarGonzo նախագիծը անարդյունավետ նախազգուշացնում էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին, նախքան սեպտեմբերյան պատերազմի մեկնարկը (դա հաստատել է աղբյուրների հավաստիությունը), և այժմ այդ մասին հաղորդում է Դոնբասին ՝ հուսալով, որ Դոնեցկիի  և Լուգանսկի իշխանություններն իրենց ավելի շատ կլսեն, քան Երևանը:

Նոյեմբերի 25-ին WarGonzo-ն հաղորդել է, որ Ուկրաինան Դոնբասի համար պատրաստում է «արցախյան սցենար»: Այս տեղեկատվությունը գալիս է միջռազմական գործողության գոտու աղբյուրներից (նախկինում «հակաահաբեկչական գործողություն», ինչպես դա անվանում էր Կիևը Դոնբասի պատերազմի սկզբում): Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի ռազմաքաղաքական էլիտաները, ոգեշնչված Բաքվի օրինակով, ներկայումս պատրաստում են իրենց սեփական արշավը նման սցենարի համաձայն՝ Դոնբասի հանրապետությունների նկատմամբ:

Ուկրաինայի զինված ուժերն այս ուղղությամբ արդեն մի շարք քայլեր են ձեռնարկել: Մասնավորապես, Կիևը զգալի քանակությամբ սարքավորումներ է  բերել Դոնեցկի հետ շփման գիծ, ներառյալ ծանր տեխնիկա: Այսպիսով, օրինակ, Գորլովկայի և Դոնեցկի մոտակայքում կուտակվում են տանկային և հրետանային ստորաբաժանումներ: Բացի այդ, հարավում ՝ Մարիուպոլում, անընդհատ բեռնաթափվում են ռազմական էշելոններ ՝ զրահամեքենաներով և անձնակազմով: Արտեմովսկում տանկերով ու հրետանիով էշելոնները նույնպես բեռնաթափվում էին 10 օր ՝ օրական 40 միավոր:

Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա հարձակման ռիսկը քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովին ստիպում է մտածել, որ ժամանակն է, որ Մոսկվան ճանաչի Դոնբասյան 2 հանրապետությունները կամ դրանք ներառի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ:

Նրա խոսքով ՝ ուկրաինացիներն առաջնագծի մյուս կողմից ուժեր ու զրահատեխնիկա են կուտակում ու բացահայտ ծաղրում են Մինսկի գործընթացը: Նման պայմաններում իրավիճակից դուրս գալու երկու ելք կա: Առաջինը` Դոնբասի, նրա երկու հանրապետությունների անկախության ճանաչումն է, նրանց հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որպեսզի նրանց վրա հարձակումը հավասարազոր լինի Ռուսաստանի վրա հարձակմանը: Երկրորդը`Դոնբասի ինտեգրումը Ռուսաստանի Դաշնությանը: Կամ գոնե այնտեղ ռազմաբազայի տեղակայումը:

Ըստ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի՝ Դոնբասի հանրապետությունները պաշտպանական ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնեն թուրքական և, հնարավոր է, իսրայելական անօդաչու սարքերի օգտագործումը, թուրքական «Բայրաքթարներ»-ն արդեն կան Ուկրաինայի զինանոցում, և դրանց լրացուցիչ խմբաքանակը Կիևը նախատեսում էր գնել Թուրքիայից:

«Նաև իմ աղբյուրներից գիտեմ իսրայելական կամիկաձե անօդաչու սարքերի գնման բանակցությունների մասին: Իհարկե, նրանք հասկանում են, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ոստիկանությունը զենքեր չունի, որոնք կարող են համեմատելի լինել այդ հարվածային զենքերի հետ: ԴԺՀ-ն չունի իր ավիացիան, և Ուկրաինան իսկապես կփորձի ապավինել օդային գերազանցությանը: Անօդաչու ինքնաթիռներն այս առումով զգալիորեն ընդլայնում են նրանց հնարավորությունները՝  այդ թվում մարդկային կորուստներից խուսափելու տեսանկյունից»,-ասել է Պեգովը:

Հույսը մնում է այն, որ Ռուսաստանի միջամտության սպառնալիքը Ուկրաինայի կողմից Դոնբասի վրա հարձակման դեպքում Կիևին հետ կպահի այս արյունալի ծրագրի իրագործումից: Հարցն  այն է, որ Ուկրաինայի իշխանությունները անտեսում են հետևյալ փաստը. ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ավելի քան 300 000 բնակիչ արդեն ստացել է ռուսական անձնագիր: Ուստի ուկրաինական հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել ՝ պաշտպանելու իր քաղաքացիներին: Ով ականջ ունի, թող լսի, եզրափակում է աղբյուրը:



loading...