Փաշինյանին իշխանության բերած հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջում է հուսահատության զգացումին. Le Monde


Փաշինյանին իշխանության բերած հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջում է հուսահատության զգացումին. Le Monde
Նոյեմբեր 23 19:27 2020

Հայաստանում 2018 թվականի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, իր տեղը զիջում է հուսահատության զգացումին: Այս մասին գրում է երեւանում ֆրանսիական  Le Monde պարբերականի թղթակից Ֆաուստինա Վենսանը:

«Անհրաժեշտ չէ շատ հեռու անցյալ վերադառնալ ՝ հիշելու համար ժողովրդական ընդվզման արդյունքում առաջացած մեծ հույսերը, որոնց  ստեղծողը երիտասարդներն էին: Դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը: Պատգամավոր եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը  երկար երթ էր սկսել ամբողջ հանրապետությամբ ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի «ռեժիմը» տապալելու նպատակով: Հարյուր հազարավոր մարդիկ շուտով միացան նրան: Բազմությունը երգում ու պարում էր փողոցներում: Ոգեշնչված բնակչությունը երազում էր «նոր Հայաստանի» մասին, որը խոստացվել էր նրանց այս խաղաղ ու ուրախ հեղափոխության հերոսի կողմից: Նիկոլ Փաշինյանը, որն անմիջապես ընտրվեց վարչապետ, վայելում էր աննախադեպ լեգիտիմություն եւ ժողովրդականություն»,-գրում է հոդվածագիրը:

Երկուսուկես տարի անց Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչնչացրեց այդ հույսերը եւ ցնցեց Հայաստանը: Հիմա մարդկանց չեն հետաքրքրում խոստացված բարեփոխումները, եւ այն, թե արդյո՞ք տեղական մանր կոռուպցիան ճնշած Նիկոլ Փաշինյանը վերջապես կլուծի խոշոր օլիգարխների հարցերը, թե ոչ:

Առաջնահերթությունները կտրուկ փոխվել են: Երկիրը պետք է ուշքի գա ջախջախիչ պարտությունից, որի հետեւանքով մահացել է 2300-ից ոչ պակաս մարդ, ընդունի 100 000 փախստականի հոսք եւ հաղթահարի կորոնավիրուսի կտրուկ աճը»,-գրում է Վենսանը:

«2018 թվականին նրանք հույսի շող ունեին: Այն ձգվեց 2 տարի: Այսօր երկիրը անդունդի մեջ է: Հայաստանի համար սա զրո տարի էր»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Այժմ բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան», քանի որ նա նոյեմբերի 9-ին ստորագրել է հրադադարի պայմանագիր` ճանաչելով Ադրբեջանի հաղթանակը: Իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերին հայտարարած լուրը բոլորին անակնկալի էր բերել, քանի որ բնակչությունը պատրաստ չէր պարտության»,-գրված է հոդվածում:

«Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին: Այժմ նրանց հետապնդում են 1915 թ. Ցեղասպանության հիշողությունները, որոնք վերածնվել են իրենց ադրբեջանցի եւ թուրք թշնամիների հաղթանակից հետո, եւ նրանք ունեն մի պարզ հարց. արդյոք կկարողանա՞ն գոյատեւել», - եզրափակում է հոդվածը Ֆաուստինա Վենսանը:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Թարգմանությունը՝ Tert.am-ի



loading...