Ադրբեջանի ցինիզմին միջազգային հանրության պատասխանը պետք է լինի մեկը՝ Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)


Ադրբեջանի ցինիզմին միջազգային հանրության պատասխանը պետք է լինի մեկը՝ Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 22 19:06 2020

Բռնապետական Ադրբեջանն այսօր արդարացի կարգավորման Հելսինկյան սկզբունքներից այնքան է շեղվում, որ բացառում է հանրաքվեի անցկացումը: Ո՞րը պիտի լինի Ալիևին համարժեք պատասխանը: Միանշանակ է՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի բռնապետն արդեն հայտարարում է, որ չի դիտարկում հանրաքվեի միջոցով կարգավիճակի հարցի լուծման տարբերակը:

Կարեն Բեքարյանն այս համատեքստում հիշեցրել է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունն ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը:

 

«Ադրբեջանն ինչպես ապակառուցողական իրեն պահում էր ողջ բանակցային գործընթացի ընթացքում, այնպես էլ հիմա, քանի որ արդեն իսկ ուժ կիրառել է և բացառում է ինքնորոշման իրավունքը, փորձում է պոկել միայն մեկ սկզբունք և ամեն ինչ կառուցել այդ մեկ սկզբունքի վրա»,- նշել է նա:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ալիևյան շանտաժը և ցինիզմը արդեն բացի այն, որ խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ սանձազերծած պատերազմի հետևանքով, նաև վերածվում են քաղաքական գծի և քաղաքական կեցվածքի՝ դրանից բխող, այդ թվում՝ երկարաժամկետ հետևանքներով»,- ասել է Բեքարյանը:

Խոսելով միջազգային հանրության համարժեք արձագանքի մասին՝ նա նշել է. «Երբ եղավ «Մադրիդյան սկզբունքների» առաջին մասնակի գաղտնազերծումը՝ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ 2009թ-ին Լ՛Աքվիլայում, ՄԱԿ ԱԽ երեք անդամը, համանախագահ երեք երկրները հակամարտության արդարացի կարգավորումը տեսնում էին և այսօր էլ տեսնում են այս երեք սկզբունքի հիման վրա: Բռնապետական Ադրբեջանն այսօր արդարացի լուծման այդ սկզբունքից շեղվում է այնքան, որ հայտարարում է, որ հանրաքվեն բացառված է: Ո՞րը պիտի լինի Ալիևին համարժեք պատասխանը»։

Ըստ Բեքարյանի՝ պատասխանը միանշանակ է. «Արցախի անկախությունը պետք է ճանաչվի՝ որպես արդարացի կարգավորման սկզբունքներից մեկը, երբ դիմացինը շանտաժի է ենթարկում ողջ միջազգային հանրությանը»:

Մանրամասները տեսանյութում:

 



loading...