Որ դեպքում գազալցակայանները կտուգանվեն․ «Ժողովուրդ»


Որ դեպքում գազալցակայանները կտուգանվեն․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 22 09:52 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանել: Մեզ հայտնի դարձավ, որ տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, եւ նշված ոլորտում խնդիրները լուծելու նպատակով այս գերատեսչությունը նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է կառավարությանը: Ավելին, մինչեւ նախագիծը մշակելը, պարզվում է, նախարարությունն ուսումնասիրել է հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը եւ պարզել, որ սպառողներին գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջ չկա:

 

Մինչդեռ առեւտրի այդ կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200 հազար դրամի չափով: Եթե նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարի, ապա կտուգանվի 500 հազար դրամի չափով: Իսկ մինչ այդ նախարարությունում մտահոգվում են՝ Հայաստանում շատ հաճախ վարորդները, տեղեկացված չլինելով, իրենց տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետեւանքն է ունենում ավտոմեքենայի աշխատանքի վրա»: