Ինչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից․ «Ժողովուրդ»


Ինչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 21 10:03 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այժմ ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն այլ ֆորմատով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում, եւ հանդիպումը կայանալու է առանձին-առանձին, այլ ոչ թե եռակողմ ֆորմատով: Ի՞նչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից:

 

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ստեֆան Էբերտը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ն եւս փորձում է ցույց տալ, որ հայտարարություններից զատ եւս գործուն քայլեր է անում իրավիճակի հանգուցալուծման համար: Փորձագետը նկատում է, որ մինչեւ այժմ հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, եւ ԱՄՆ-ն դուրս է մնացել գործընթացից, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնքան էլ դուր չի գալիս, չնայած, փորձագետի խոսքով, վերջինս այժմ զբաղված է իր ապագայի հարցերով: Փորձագետը նաեւ նկատում է՝ էսկալացիայի հենց առաջին օրվանից Փոմփեոն ամենաակտիվներից է եղել: «Քանի որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն փորձել են հանդարտեցնել իրավիճակը, հիմա հերթը ԱՄՆ-ինն է: Նա պետք է փորձի ազդել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա:

 
 

Միեւնույն ժամանակ սա նաեւ քայլ է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրությունները: Թրամփը ցանկանում է ցույց տալ, որ, անկախ ամեն ինչից, անհանգստացած է եւ աշխատում է այս ուղղությամբ», – նշում է փորձագետը եւ հավելում, որ հարցի կարգավորմանը կնպաստեն ոչ թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, այլ կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների հանդիպումները: Հավելենք, որ մինչեւ այժմ՝ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին, մեկ անգամ՝ ՌԴ֊ի, մեկ անգամ էլ Ֆրանսիայի ջանքերով ձեռք են բերվել մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություններ, սակայն երկու անգամ էլ այն Ադրբեջանի կողմից չի պահպանվել»: