«Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար վճարում է իր զինվորների կյանքով և դառնում ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ


«Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար վճարում է իր զինվորների կյանքով և դառնում ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ
Հոկտեմբեր 20 12:12 2020

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնելով, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի դաշտում յուրաքանչյուրի թափված արյան համար նա է մեղավոր, գրում է Talyshistan Times-ը։

Խոսելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի և քաղաքների հրետակոծությունների մասին՝ Ժիլինը նշում է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է պատերազմը սանձազերծած Ալիևը, «որը ողբերգություն պատճառեց ոչ միայն նրանց, ում ցանկանում էր ենթարկեցնել, այլև իր ժողովրդին, որը ոչ պակաս զոհ դարձավ»։

«Սա նշանակում է, որ Դուք անձամբ պատասխանատու եք երկու կողմերի արյունահեղության համար։ Դուք չեք կարող մեղքը բարդել զինվորականների վրա, ինչն արդեն իսկ փորձում եք անել․ նրանք պարզապես կատարում են գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ձեր հրամանները»,- գրում է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայի մանիպուլյատոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիևին և ամբողջ Ադրբեջանին դարձրել է տարածաշրջանում իր նպատակներին հասնելու ռեսուրս։

«Ես հասկանում եմ նաև Ձեր անձնական հետաքրքրությունն այս պատերազմում, այն է՝ ժողովրդին շեղել սոցիալ-քաղաքական ներքին խնդիրներից, փորձել մարել բողոքի տրամադրությունները և քաղաքական իշխանությունից ատելությունը վերահասցեագրել «արտաքին թշնամուն»․ ցանկացած բռնապետի սիրած մեթոդը»,- ընդգծում է նա։

Ալեքսանդր Ժիլինը, դիմելով Ալիևին, հարցնում է՝ որքանով է արդարացված վերջինիս այն քայլը, որ ադրբեջանցիների արյան գնով ցանկանում է մնալ նախագահական աթոռին:

«Հետևելով պարոն Էրդողանին՝ նրա աշխարհաքաղաքական հավակնությունների համար Դուք ոչ միայն վճարում եք ձեր զինվորների կյանքով, այլև երկիրը տանում եք դեպի ինքնիշխանության լիակատար կորստի։ Դառնալով Թուրքիայի ռազմաքաղաքական ռեսուրսը՝ Ադրբեջանը կվերածվի ուրիշի շահերի սպասարկման գործիքի: Իլհամ Հեյդարովիչ, դեռ ժամանակ կա ագրեսիան կանգնեցնելու և հակամարտության լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Կան միջազգային հարթակներ, որտեղ կարելի է լուծել խնդիրները, փոխզիջումներ փնտրել քաղաքական, այլ ոչ թե ռազմական մեթոդներով»,- եզրափակել է հեղինակը։