Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել (տեսանյութ)


Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել (տեսանյութ)
Հոկտեմբեր 19 23:57 2020

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ կանանց կամավորական ջոկատ ձեւավորելու նախաձեռնության մասին։

Նախաձեռնող խմբի անդամ Անի Ասատրյանը նշում է, որ շեշտը դրվում է հիմնականում ֆիզիկական հմտությունների վրա. «Ներկայացվում է իրեն որոշակի դրվագներ, այդ ժամանակ հասկանում ես՝ ինքն արդյոք կկարողանա՞ որոշակի ֆունկցիա կատարել»։

2 օրում ստացել են մոտ 1000 հայտ, խիստ չափանիշներով զտել են ցուցակը։ Վիճակագրությամբ ամեն 10 րոպեն մեկ 50 նոր դիմում են ստանում։ Արդեն հանդիպել եւ համաձայնության են եկել 100-ի հետ։

Նախաձեռնող խմբի անդամ Նարե Խլղաթյանն էլ ասում է, որ դիմողների հիմնական մասն ունեն բարձրագույն կրթություն, ունեն աշխատանք. «Բարձրագույն կրթություն ունեն, իրենց ոլորտներում կամ հարակից ոլորտներում աշխատում են, պատրաստ են աշխատանքը թողնել, որոշներն արդեն իսկ իրենց գործատուների հետ համաձայնեցրել են եւ պատրաստ են օր առաջ իրենց լուման ներդնել նաեւ զենքը ձեռքին»։

Դիմողների մեծամասնությունը մարտական պատրաստվածություն դեռ չունի։ Ժամանակ չկորցնելու համար հայտադիմումներն ընդունելուն զուգահեռ բանակցում են Կառավարության ու Պն-ի հետ՝ աղջիկների համար արագացված կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու համար։

Ցանկությունը սահմաններին կանգնածներին փոխարինելը չէ, գիտեն՝ հիմա էլ խրամատում մարտնչողներն անփոխարինելի են ու իրենց գործն անում են լավ, հստակ։ Պարզապես ուզում են առաջնագծին ամուր թիկունք լինել շատ ավելի մոտ տարածությունից։

Աղջիկների դեպքում ծնողների գրավոր համաձայնությունը պարտադիր է։ 



loading...