«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին


«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին
Հոկտեմբեր 9 20:51 2020

Roma Cares հիմնադրամը հագուստ և մարզական հանդերձանք պարունակող 117 փաթեթ է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, որն ուղարկվելու է հռոմեական ակումբի Roma Armenia Giallorossi ֆան ակումբին՝ հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Փաթեթները մոտ օրերս կփոխանցվեն ֆան ակումբի նախագահին, որն աջակցության համար դիմել էր «գայլերի» ֆոնդին՝ կապված վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների հետևանքով նաև խաղաղ բնակչության կրած զգալի վնասների հետ:

«Մի կողմ թողնելով քաղաքական բնույթի ցանկացած նկատառում՝ Roma Cares Foundation-ն աշխատելու է «Ռոմայի»՝ առավել շատ օգնության կարիք ունեցող երկրպագուների հետ, անկախ նրանից՝ նրանք որտեղ են գտնվում: Այս ամենի միջոցով մենք պատրաստվում ենք առաջին կոնկրետ օգնությունը տրամադրել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք այս պահին բավականին բարդ իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Փաթեթներում տեղ են գտել մարզաշապիկներ և մարզական այլ հանդերձանք՝ նախատեսված երեխաների, կանանց ու տղամարդկանց համար, որոնք Roma Armenia Giallorossi ֆան ակումբի կողմից ուղարկվելու են Արցախ: