Ռուս ֆուտբոլիստը պատրաստ է զենք վերցնել և կամավոր մեկնել առաջնագիծ. armtimes.com


Ռուս ֆուտբոլիստը պատրաստ է զենք վերցնել և կամավոր մեկնել առաջնագիծ. armtimes.com
Հոկտեմբեր 1 13:00 2020

Երևանի «Փյունիկի» նախկին, ներկայումս ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Դմիտրի Մալյական ռուսական Sport24-ի հետ զրույցում պատմել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին: Այս հարցազրույցին անդրադարձել է armtimes.com-ը:

Ռուս ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր է կարիերայի ավարտից հետո էլ շարունակել ապրել Հայաստանում.

«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ էլ է վերաբերում: Այստեղ մեծանում է իմ երեխան, և ես չեմ ուզում, որ պատերազմն իմ տանն էլ հարվածի: Թեկուզ ես հայկական անձնագիր չունեմ, բայց ուզում եմ կամավոր գրվել: Թող առաջին գծում չլինեմ, որ ինչ-որ բանով գոնե օգնեմ այնտեղ կանգնած զինվորներին»:

Մալյական նշում է, որ հիացած է հայ ազգի միասնականությամբ, նրանով, թե ինչպես են տղամարդիկ գրվում կամավոր և երգելով, ուրախությամբ մեկնում հայրենիքը պաշտպանելու:

Ներկա պահին ֆուտբոլիստը Երևանում է: Թեև պետք է լիներ ակումբի կազմում և մարզվեր Արցախում, բայց ստացած վնասվածքի պատճառով վերջին շրջանում գտնվում է Երևանում. «Այս պահին ես ու կինս (Մալյակայի կինը հայուհի է – խմբ.) հումանիտար օգնություն ուղարկելով ենք զբաղված: Երկիրը ոտքի է կանգնած, բոլորն ուզում են օգնել սահմանում կանգնած զինվորներին: Խանութները դատարկում են. քաղցրավենիքներ են գնում երեխաների ու կանանց համար, հագուստ ուղարկում սահման»:

Մալյական անդրադարձել է նաև Ադրբեջանին՝ նշելով, որ վերջինս փորձում է իր բոլոր մեղքերը բարդել Հայաստանի վրա։

«Ես արդեն սովոր եմ դրան: Ինչ էլ կատարվի Ադրբեջանում, իրենց համար հայերն են մեղավոր: Օրինակ բերեմ, այսօր Ադրբեջանը ռմբակոծել էր հայկական Վարդենիս քաղաքը: Դրանից առաջ նրանք հայտարարել էին, որ հայերն են իրենց բնակավայրերը ռմբակոծել, այդ պատճառով իրենք էլ են այդպես անելու: Ամբողջ ադեկվատ աշխարհն է հասկանում, որ Ադրբեջանի վրա ոչ ոք չի կրակել: Ամբողջ պատերազմն Արցախում է ընթանում: Իսկ վատն այն է որ Ռուսաստանից զանգում, գրում են՝ այս կամ այն ԶԼՄ-ում կարդացել ենք, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հայերն են այդ ամենը սկսել: Ու հասկանում ես, որ այդ ճշմարտությունը մարդկանց հասցնելը հեշտ չէ»:

Մալյակային հարցրել են Ռուսաստանի՝ կոնֆլիկտին միջամտելու մասին, ֆուտբոլիստն ասել է, որ այդ հարցը պետք է Ռուսաստանի նախագահին ուղղել։ «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը երբեք Ռուսաստանին չի դավաճանել: Ի՞նչ է անելու Ռուսաստանը հետո: Չգիտեմ: Վլադիմիր Պուտինին է պետք հարցնել, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահելու այս իրավիճակում»,- նշել է ֆուտբոլիստը:

Մոսկվայի «Սպարտակի» սանը վստահ է՝ Հայաստանը կհաղթի բոլոր թշնամիներին, ովքեր ոտնձգություն թույլ կտան իր տարածքների նկատմամբ։ «Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Հասկանալի է, սա իմ երկիր չէ, բայց ես շատ եմ կապվել այստեղի մարդկանց, պատմության հետ: Հանգիստ սրտով պատրաստ եմ գնալ և ավտոմատը վերցնել ձեռքս: Աստված տա՝ այս ամենը շուտ ավարտվի: Բայց եթե շարունակվի, ոչ ոք չի կարող անտարբեր մնալ: Գիտեմ, որ Հայաստանը մինչ այժմ համբերել է, խոշոր տրամաչափի զենքեր չի կիրառել: Բայց հիմա այլ կերպ է լինելու: Ինչքա՞ն կարելի է: Ես շատ լավ հասկանում եմ հայերին: Արցախում, սահմանին արդեն երկրորդ սերունդն է մեծանում ազդանշանների, ռումբերի պայթյունների ձայների տակ: Ադրբեջանցիները հենց սկզբից գրոհեցին Ստեփանակերտը: Ինչի՞ մասին կարելի է խոսել»,- եզրափակել է Դմիտրի Մալյական: