Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, սա հստակ հայտարարություն թող լինի ամբողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)


Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, սա հստակ հայտարարություն թող լինի ամբողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 27 23:20 2020

Մեզ հետ կռվում է նաև Թուրքիան, օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներ և ինքնաթիռներ, այն նույն F16-երը, որոնք ամսից ավելի է՝ գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտից մինչև հիմա. ուզում եմ հստակ հայտարարություն լինի համայն աշխարհին, բոլորին՝ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ կռվում է նաև Թուրքիան: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրած ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ոչ միայն անօդաչուներ, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են թուրքական զորամիավորներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է՝ միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, և իհարկե, կլինեն նաև կամավորներ ՀՀ-ից: Չնայած՝ արդեն ՀՀ կառավարության որոշումը կա՝ հայտարարել ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա: Արցախում արդեն սկսված է համատարած մոբիլիզացիան»,- ասաց ԱՀ նախագահը:

Նա ընդգծեց՝ ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը և կրկին անդրադարձավ դիրքերի կորուստի հարցին: «Դիրքեր կորցրել ենք, կարող է՝ կորցնենք էլ, նաև դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել՝ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են: Այն մտահաղացումը կամ այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է: Ունենք կորուստներ տասնյակ տեխնիկայի, տասնյակ անօդաչու սարքերի, ուղղաթիռներ, ունենք նաև հետախուզության տվյալներ, կարծես փաստ, հենց նույն թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը վերջնական հաստատված չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ թուրքական անօդաչու սարքերը օգտագործում են հենց թուրքական բանակի ներկայացուցիչները: