«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին ժամանակավորապես չեղարկել է դեպի Երևան չվերթները


«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին ժամանակավորապես չեղարկել է դեպի Երևան չվերթները
Սեպտեմբեր 27 22:30 2020

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին ժամանակավորապես չեղարկել է դեպի Երևան չվերթները։

«Չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում ռազմական դրության և զորահավաքի սահմանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունը նշել է նաև, որ դեպի Ադրբեջան ուղևորափոխադրումները նախատեսված է վերսկսել հոկտեմբերի 4-ին, սակայն դեպի Բաքու թռիչքների հարցը նույնպես որոշվելու է՝ հաշվի առնելով զարգացող իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ և ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանն ունի մոտ 200-ից ավել մարդային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ:

Նախնական տվյալներով` հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։