Կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում անհապաղ դիմել մեզ. ԱԱԾ հայտարարությունը


Կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում անհապաղ դիմել մեզ. ԱԱԾ հայտարարությունը
Սեպտեմբեր 27 11:17 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

«Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ»,-ասված է ԱԱԾ տարածած հայտարարությունում:

Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» պաշտոնական էջին: