10։48
Արցախի ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ, տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը:
Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»,– ասվում է Արցախի ՄԻՊ հայտարարությունում:
10։33
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Տավուշի սահմանին իրավիճակը կայուն ու վերահսկելի է։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի Տավուշեցիներ,
Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ:
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:
Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:
Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:
Մեկ անգամ ևս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:
Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:
Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»:
10։18
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- գրել է նա։
10։14
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թարթառի հատվածում խոցվել է իրենց մարտական ուղղաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։
10։12
Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է նա։
10:11
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-ասված է հաղորդագրության մեջ:
09։30
Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը․ գրում է Շուշան Ստեփանյանը։
09:20
Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։
08:20
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:
Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։