Ընդդիմության հանրահավաքի՝ իշխանական արձագանքը (տեսանյութ)


Ընդդիմության հանրահավաքի՝ իշխանական արձագանքը (տեսանյութ)
Սեպտեմբեր 22 15:52 2020

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանեն։ Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ երեք կուսակցությունների հետ համագործակցության գործընթացն այլևս թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ։ Պատգամավորն ասաց, թե ԲՀԿ-ն մտավախություն չի ունեցել, որ չի կարողանա միայնակ մեծ հանրահավաք կազմակերպել, պարզապես ընտրել են համագործակցության եռյակ ձևաչափը։

«Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց։ ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը»։ Այսպես էլ պատասխանել է պատգամավոր Էդմնոն Մարուքյանը այն հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք  ԼՀԿ-ն միանալ եռյակի հանրահավաքին։ Այս պահին հանրահավաքային օրակարգ չունեն, հետեւաբար հետևողի դերում են լինելու։

Ցանկացած անձ ազատ հավաքներ հրավիրելու իրավուքն ունի, իրենց իրավունքն են իրացնում, ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած հանրահավաքին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Նա հանրահավաքի մասով կանխատեսումներ չարեց: Պատգամավորը համաձայնեց, որ հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց միաժամանակ նկատեց, որ մեծ ծավալի չեն հասնում:

Չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների մասին, տարբեր քրգործեր կան: Այս մասին էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Անդրադառնալով երեք  կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքի թեմային՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ այդ ուժերին, իր կարծիքով, չի հաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով, սակայն  հանրահավաքին գնահատական տալ չի կարող: «Ուզում են հանրահավաք անեն, թող անեն»,- ասաց իշխանական պատգամավորը։

Առայժմ հայտնի չէ հրավիրված հանրահավաքին երեք կուսակցությունների առաջնորդները ներկա կլինեն, թե ոչ։ Բացի այդ Ազատության հրապարակում հավաքվելու կոչ անողները չեն հստակեցրել հանրահավաքի օրակարագը։ Ինչպիսին էլ այն լինի, իշխանությունից վստահեցնում են մտահոգվելու առիթներ չունեն։ Գործող իշխանությունը վայելում է հասարակության լայն զանգվածի աջակցությունը։

 



loading...