Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ (տեսանյութ)


Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ (տեսանյութ)
Սեպտեմբեր 22 15:10 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում եւ յութուբյան ալիքում:  

Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է.

«Պարոն գլխավոր քարտուղար,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների եւ այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով մեր ընդհանուր նպատակների իրականացման համար:

Պետությունների ինքնիշխանությունը, անկախ դրանց չափից եւ հզորությունից, ավելի լավ է պահպանվում, եւ ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ:

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության եւ համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:

Միավորված ազգերի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով եւ սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը եւ ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:

Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին եւ իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով:

Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին եւ միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է:

ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման հենասյունն է եւ կայուն զարգացման գլխավոր նախապայմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության եւ անհատական շահի միջեւ առկա հավասարակշռությունը, երկմտություն եւ նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաեւ վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը եւ դրա ծանր սոցիալ-տնտեսական հետեւանքները:

ՄԱԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող արդյունավետ բազմակողմանիությունը կարեւոր դերակատարություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների լուծման գործում:

Բազմակողմանիությունը զուտ թվաբանություն չէ` երկուսից ավելի կողմերի ներգրավվածության հաշվարկի համար: Այն սկզբունք է, փոխադարձ հարգանքի, փոխվստահության գաղափարախոսություն եւ համաձայնության մշակույթ:

Նմանապես, ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Այն ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաեւ շրջանակ էՙ ընդհանուր հետաքրքրություններ ձեւավորելու, միմյանց լսելու եւ յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար:

ՄԱԿ-ը նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի:

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր, ինչպես եւ 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն եւ խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:

Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան եւ նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երեւույթ:

Դա եւս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ:

Ինչպես ժամանակին գրել է Ժան Ժակ Ռուսոն, «մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն է»:

Շնորհավորելով բոլորիս տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության եւ արդարության համընդհանուր արժեքների վրա:

Շնորհակալություն»: