«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր


«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր
Սեպտեմբեր 22 13:11 2020

Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները սահմանեցին Գինեսի իրենց հերթական ռեկորդը: Եղբայրները ռեկորդները նվիրեցին Հայաստանի անկախության 29-ամյակին: Նրանք սպորտով զբաղվում են դեռ մանկուց: Ասում են՝ իրենց ռեկորդներին պատրաստվել են ամբողջ կյանքում:

«Ատամներով բռնած ճոպանը, ձեռքերի վրա քայլելով, 3 մետր քաշեցի 4.5 տոննա քաշ ունեցող մեքենա: Շրջանցեցի ադրբեջանցի մարզիկին, որը նույն ռեկորդը սահմանել է 7 տարի առաջ, քաշել է 1.5-2 տոննա քաշ ունեցող մեքենա»,- ասաց Յուրի Սաքունցը:

 

«Ես այսօր գերազանցեցի ինքս իմ ռեկորդը: Արցախում գրանցել էի Գինեսի ռեկորդ, ատամներով բռնած ճոպանը՝ 11 մետր քաշել էի 12 տոննա քաշ ունեցող ավտոբուս, այսօր 10 մետր քաշեցի 14 տոննա քաշ ունեցող մեքենա»,- ասաց Արթուր Սաքունցը:

Ռեկորդները սահմանվեցին Շահումյանի հրապարակում: Մեր հարցին, թե որևէ խորհուրդ ունի՞ հենց ԿԳՄՍ նախարարության առջև ռեկորդները սահմանելը, Յուրի Սաքունցը պատասխանեց, որ ցանկացել են Հանրապետության հրապարակում դրանք սահմանել, սակայն թույլ չեն տվել:

«Ես շատ տանջանքների միջոցով կարողացա այստեղ ռեկորդը սահմանել: ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես այստեղ ռեկորդ սահմանեմ, թույլ չի տվել Հանրապետության հրապարակում սահմանեմ: Առհասարակ չի աջակցել: Ես զանգել եմ ԿԳՄՍՆ, ասել եմ, որ ինձ փող պետք չի, ինձ տեղ է պետք, որ ռեկորդ սահմանեմ, ասել են՝ չենք կարող: Ասել են՝ գնա 3-րդ մասում արա, ես էլ պատասխանել եմ, որ 3-րդ մասի տեղը ես էլ գիտեմ: Ես այստեղ կարողացել եմ ռեկորդ սահմանել իմ, իմ  ծնողների, իմ ծանոթների շնորհիվ, որ գոնե կենտրոնական հատված լինի: Ավելին ասեմ, երբ ես Արցախ էի գնում ռեկորդ սահմանելու, Հայաստանի մարզիկ եմ, գնում եմ Արցախ, ռեկորդ եմ սահմանում, զանգեցի, որ աջակցեն, չաջակցեցին, ես էլ ասացի՝ հաջողություն, և ինքս իմ ռեսուրսներով գնացի»,- ասաց Յուրի Սաքունցը:

Մարզիկն ասաց, որ ռեկորդներ սահմանելուն ներկա լինելու համար հրավիրել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, սակայն ոչ նախարարությունից ներկայացուցիչ կար, ոչ էլ Ծառուկյանն էր եկել:

Նրա խոսքով՝ վիրավորական է, երբ իրենք աշխարհին ներկայացնում են Հայաստանը, իսկ իրենց ոլորտը համակարգող նախարարությունն իրենց ոչնչով չի աջակցում:

«Էս է էս երկիրը: Չնայած երկիրը լավ երկիր է: Կառավարությունը, էն մարդիկ, որոնք նստած են պաշտոնին, չեն կարողանում ճիշտ կառավարել, որ մարդիկ չհիասթափվեն էս երկրից: Սպորտի նախարարությունն ինչի՞ համար է, որ մարդիկ նույնիսկ տեղ չեն տալիս, որ ռեկորդ սահմանես: Սա մարդկային վերաբերմունք չէ: Վաղը-մյուս օրը Սպորտի նախարարությունն իմ ռեկորդը կարող է գցել իր էջ ու ասել՝ տեսեք, մեր մարզիկը ռեկորդ է սահմանել: Առողջություն ենք սպառում, տանջվում ենք, չի կարելի այսպես: Գագիկ Ծառուկյանն էլ ինքն էր ասել, որ գալու է, չի եկել: Ես շարունակելու եմ իմ ռեկորդները սահմանել, բայց արդեն կարելի է ուրիշ դրոշի ներքո: Գնամ Եվրոպա, ուրիշի դրոշի ներքո նույն բանն անեմ, կասեն՝ սա մեր հայն է, մալադեց»,- ասաց Յուրի Սաքունցը:

Մարզիկը պնդեց, որ այլ երկրներից առաջարկներ ունի՝ գնալ և իրենց երկիրը ներկայացնել, սակայն դեռ չի գնացել, քանի որ ուզում է ներկայացնել իր երկիրը:

Եղբայրների հայրը նոր ռեկորդներ սահմանելու ժամանակ ցույց տվեց նաև սեպտեմբերի 2-ին Արցախում սահմանած ռեկորդների հավաստագրերը, որոնք արդեն իրենց մոտ են, և որոնց վրա գրված է, որ դրանք կատարված են Արցախում: