Թրամփին թունավոր նյութով ծանրոց ուղարկելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել


Թրամփին թունավոր նյութով ծանրոց ուղարկելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
Սեպտեմբեր 21 20:53 2020

ԱՄՆ-ում ձերբակալվել է մի կին, որը կասկածվում է նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար:

Կնոջը բերման են ենթարկել Բաֆալո քաղաքում ՝ Կանադայի սահմանին: Կնոջ անունը դեռ չի հրապարակվում:

Ինչպես հաղորդում է NEW YORK TIMES-ը՝ կինը կանադայի քաղաքացի է և նրան բերման են ենթարկել սահմանային անցակետից, երբ նա լքելիս է եղել ԱՄՆ տարածքը: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հրազեն: 

Պարբերականի տվյալներով՝ 2019-ի մարտին նույն կինը, ԱՄՆ տարածքում ապօրինի գտնվելու համար,  ձերբակալվել է Տեխաս նահանգում և արտաքսվել Կանադա: Այդ ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր կեղծ վարորդական իրավունքի վկայական, ժամկետանց վիզա և հրազեն:

ԱՄՆ նախագահի անունով ուղարկված կասկածելի ծանրոցը հայտնաբերվել էր սեպտեմբերի 19-ին:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ծանրոցը ԱՄՆ է հասել Կանադայից:

«Ռիցին» կոչվող թունավոր նյութի դեմ հակաթույն գոյություն չունի: Եթե մարդը շնչում կամ կուլ է տալիս այն, ապա մահը վրա է հասնում 36-72 ժամվա ընթացքում: