Հակառակորդը պետք է իմանա, որ մենք անսասան ենք.Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում (տեսանյութ)


Հակառակորդը պետք է իմանա, որ մենք անսասան ենք.Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում (տեսանյութ)
Հուլիս 16 16:56 2020

Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ դրսում նարդի խաղում:

Նա, մասնավորապես, նշում է. «Ողջույններ հաղթանակած Չինարիից, տեսեք, թե առաջնագծում ոնց են մարդիկ խաղաղ ապրում: Գյուղապետը մի քիչ մարտական է տրամադրված: Մեր բարձր տրամադրությունը ուղիղ համեմատական է առաջնագծում մեր զինվորների կատարած սխրանքներին, մեր քաջ ու իմաստուն հրամանատարներին:Հիմա Չինարիում ենք, որտեղ մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցուցաբերում: Ֆանտաստիկ զգացողության մեջ ենք: Աստված ապահով պահի մեր բանակին, մեր առաջնագծի զինվորներին: Խաղաղություն մեր երկրին ու սահմանի ժողովրդին»:

Իր հերթին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Չզարմանաք, հիմա Չինարիում ենք: 100 տարի այսպիսի հոգեվիճակ չենք ունեցել, որ նարդի խաղանք: Անկախ նրանից, որ առավոտյան հրետակոծվել է գյուղը, 3 տուն ունենք վնասված, գյուղամեջում տեսանք, որ մարդիկ նարդի են խաղում: Առաջնագծից էլ լուրերը շատ ոգեւորիչ են, մեր տղաները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Սրանք բոլորը արձանագրության արժանի են, թե ինչպես կարող են տասնապատիկ ավելի ուժերով գալ մեր հայրենիքի, մեր կյանքերի վրա եւ այդպես անփառունակ իրենց կորուստը գտնել մեր լեռներում: Սա մեր համարժեք, դեռ մեղմ պատասխանն է:

Մենք աղոթում ենք, որ մեր տղաները որեւէ ձեւով վնաս չկրեն: Մենք կռվից չենք ուրախանում, սրտներս կախ է մնում, բայց այդուհանդերձ, իրավիճակն ենք արձանագրում:

Գյուղապետ Սաղոյանն էլ ասաց, որ հակառակորդն ինչքան տուն վնասի, մեկ շաբաթում սարքելու են. «Ես համոզված եմ, որ մեր կառավարությունը, մենք համայնքով այդ տները կվերականգնենք, կարեւորը, որ մեր բանակն ամրագրեց մեր հաղթանակները: Հակառակորդը պետք է իմանա, որ մենք անսասան ենք: Ինչքան էլ խաղաղ բնակչի վրա արկ ուղարկես, միեւնույն է, դու ոչնչի հասնել չես կարող, մենք պինդ ենք մեր հողի վրա»: