Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար


Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար
Հուլիս 8 11:31 2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

 

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ պարզվել է, որ Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս:

 

 

Բացի այդ, համայնքի ղեկավարի  օժանդակությամբ, 2017թ. հունվարից  մինչեւ 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Վաղաշենի բնակիչը խաբեության եղանակով, որպես նպաստ ստացել է 712.500 ՀՀ դրամ գումար՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

Համայնքին եւ պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

 

Նախաքննությունն ավարտվել է, եւ  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:



loading...