Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս. կան տուժածներ


Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս. կան տուժածներ
Հուլիս 5 20:26 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսանդր Մ․, ծնված 1995 թ․) վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

Ուղևորներ Մհեր Խ․-ն (ծնված 1997 թ․), Գոռ Գ․-ն (ծնված 1998 թ․) և Դավիթ Խ․-ն (ծնված 1995 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։