Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ (տեսանյութ)


Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ (տեսանյութ)
Հունիս 4 00:31 2020

Դիմակ կրելուն դեմ չեմ, սակայն քանի որ Հայաստանի Հանրապետությունն իրավական երկիր է, որտեղ բարձրագույն իրավական ուժ ունի սահմանադրությունը, այս հարցում ունենք իրավական խնդիր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով պարտադիր դիմակ կրելու պահանջին։

Իրավաբանի խոսքով՝ օրենքով հստակ պիտի ամրագրված լինի, որ անձը կոնկրետ ժամանակահատվածում պետք է դիմակ կրի։

«Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հստակ արձանագրում է, որ ոչ-ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Ինչպես գիտենք, պարետը միայն վերջերս է ստացել նորմատիվ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հնարավորություն, մինչդեռ օրենք ընդունելու իրավասություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն։ Քանի որ օրենքով որևիցէ տեղ ամրագրված չկա, որ անձը պարտավոր է կրել դիմակ, այդ իսկ պատճառով ինքնին առաջանում է դիմակ կրելու հրամանի իրավաչափությունը վիճարկելու անբեկանելի հիմք»,-նշեց Վահե Գրիգորյանը։

Հարցին, արդյո՞ք քաղաքացին կարող է չկատարել պարետի որոշումը, փակ տարածքում կարող է գտնվել առանց դիմակի և հետո վիճարկել և չվճարել տուգանքը, իրավաբանը պատասխանեց․

«Փաստացի, մենք ունենք նման իրավիճակ, սակայն հետագայում շահարկումներից խուսափելու համար հարկավոր է նշել, որ վեջերս վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվեց փոփոխություն, լրացում։ Սահմանվեց պատասխանատվություն 10 հազար դրամի չափով ազատ տեղաշարժի պայմանների կարգն ու կանոնները խախտելու համար։ Դիմակների պարտադիր լինելը սահմանված է ընդամենը պարետի որոշմամբ, չվիճարկելով դիմակ կրելու անհրաժեշտությունը, ես անդրադարձ եմ կատարում ուղիղ իրավական կողմին։ Օրենքով պետք է ամրագրված լիներ անձի՝ դիմակ կրելու պարտականությունը, հակառակ դեպքում քաղաքացին թե՛ վերադասության կարգով, թե՛ վարչական դատարան դիմելու միջոցով, կարծում եմ կարող է բավական հեշտությամբ անվավեր դարձնել նշանակված տուգանքները»։

Մանրամասները՝ տեսանյութում