ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել


ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել
Մայիս 28 23:53 2020

Մայիսի 27-ին խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:  Այս մասին գրում է Aravot.am-ը եւ հիշեցնում, որ հեղինակը  ՀՀ կառավարություն է․

«Այս արձանագրությամբ նախատեսվում է, որ մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը Հայաստանի համար կհետաձգվի մեկ տարով: Հիշեցնենք, Հայաստանը, 2014 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին, միացել է նաև ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ին հինգ տարի անցումային ժամանակահատված է տրամադրվել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին»:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի վարած  բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով․

«Համաձայնությունը ստորագրվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Միասնական մաքսային սակագների մեկ տարով հետաձգելը վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինը  3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն»:

Կայքը գրում է, որ մայիսի 11-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ դատաիրավական բարեփոխումների թեմայով զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ ՍԴ-ն դանդաղեցնում է երկրի համար կարեւոր միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի, տարբեր իրավական ակտերի վերաբերյալ իր դիրքորոշումը եւ իբրեւ օրինակ, բերեց հենց այս համաձայնագիրը`ասելով, որ կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԵԱՏՄ շրջանակում, Հայաստանի համար մաքսատուրքի բացառությունների ցանկի շուրջ, այն գնաճի վրա ազդեցություն է ունենալու` զսպելով ապրանքների թանկացումը  եւ ակտի ուժի մեջ մտնելու համար, այն պետք է ՍԴ-ով անցնի: «Մենք չենք կարող այդ խնդիրը լուծել: Չնայած, հիմա էլ, ՍԴ-ն, անհասկանալիորեն ձգձգում է այդ հարցի քննարկումը կամ եթե չի ձգձգում, հնարավորինս ամենակարճ ժամկետում կարող էր քննարկել, չի քննարկում»:

Aravot.am-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվել է`ինչո՞ւ է ՍԴ-ն արհեստականորեն ձգձգել կամ հնարավորինս սեղմ ժամկետներում չի քննարկել հանրության համար կենսական նշանակության այս փաստաթղթի քննարկումը:  Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ կառավարության դիմումը ՍԴ մուտքագրվել է 2020 թվականի ապրիլի 13-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայնությունը ստորագրվել էր 2019-ի դեկտեմբերի 20-ին: Այսինքն, կենսական նշանակության այս փաստաթուղթը կառավարությունը ՍԴ-ի քննարկմանն է ուղարկել համաձայնության ձեռքբերումից մոտ չորս ամիս անց: «ՍԴ-ն միջազգային պայմանագրերի նախնական ուսումնասիրության համար ունի օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետ, իսկ որոշման ընդունման համար 3 ամսվա ժամկետ»,- ասել է Էդգար Ղազարյանը`հավելելով, որ այդ գործով ՍԴ-ն վերջնական որոշում է կայացրել դիմումը ստանալուց 29 օրվա ընթացքում: «Ի դեպ, ընդունվող որոշումներով պետք է հրապարակվեն 3 օրվա ժամկետում, իսկ այդ գործով որոշումը հրապարակվել է ընդունման օրը՝ մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Էդգար Ղազարյանը` հավելելով, որ կառավարության կողմից «հրատապ» որակված համաձայնագիրը ՍԴ-ն քննարկել եւ որոշում է ընդունել հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել այդ ուղղությամբ: