Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի 20 մասնակցի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ


Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի 20 մասնակցի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ
Մայիս 28 23:07 2020

Կապանում մայիսի 24-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից 20-ի վերաբերյալ, մայիսի 27-ի դրությամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություն է կազմվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում էին Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի էին ենթարկել։

Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն էին, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ էին բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ Հավաքվածները պահանջում էին, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում էին, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:



loading...