Հանկարծակի ռեյդերը շարունակվում են. այսօր դրանք եղել են Կենտրոնում․ ՀՀ ոստիկանապետ


Հանկարծակի ռեյդերը շարունակվում են. այսօր դրանք եղել են Կենտրոնում․ ՀՀ ոստիկանապետ
Մայիս 28 18:54 2020

Վերջին երկու օրերին ոստիկանությունը տեսչական մարմինների հետ համատեղ ռեյդեր է իրականացրել Դավիթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետը Արման Սարգսյանը:

«Այսօր ռեյդեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: Այդ ռեյդերի ժամանակ եղել են կրկնակի ուսումնասիրություններ: Այսինքն ստուգայցից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերը վերադարձել են նույն տարածք եւ ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար արդեն իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում եւ Նորք Մարաշում 124 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարողի գործունեությունը: Այսօրվա տվյալները դեռ մշակման փուլում են»,-ասաց նա:

Ոստիկանապետը տեղեկացրեց, որ ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկաններին մշտադիտարկել այն տրանսպորտային միջոցները, որոնցով երթեւեկում են քաղաքացիները, նաեւ հանրային տրանսպորտը: Խախտումներ թույլ տվածները ենթարկվում են վարչական պատասխանատվության:

«Ոստիկանները ստուգում են քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների կողմից ուղեւորներին առկայության պարագայում պարտադիր դիմակի կրում եւ կողքի նստատեղին ուղեւորի բացառում: Ինչպես նաեւ տաքսիներում քաղաքացիների կողմից պարադիր դիմակի կրում:

Հանրային տրանսպորտում եւս պարտադիր պետք է կրել դիմակ»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին օրերին շուրջ 2 հազար քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Ընդ որում, սա մշտական գործընթաց է, կարող են ստուգումները նույն վայրում կրկնվել, եւ դրանք կրելու են հանկարծակի բնույթ: