ԱԳՆ-ի մեկնաբանության խեղաթյուրումն անթույլատրելի է. Աննա Նաղդալյան


ԱԳՆ-ի մեկնաբանության խեղաթյուրումն անթույլատրելի է. Աննա Նաղդալյան
Մայիս 28 00:02 2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳՆ-ը մշտապես բաց և ազնիվ է եղել բոլոր լրատվամիջոցների հետ աշխատանքների համար՝ առանց նրանց քաղաքական կամ որևէ այլ ուղղվածության, և հենց այդ տրամաբանությամբ էլ պատասխանել եմ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի «messenger»-ով ստացված հարցմանը. «Աննա ջան, բարև, տեղեկություն ունեմ, որ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը կորոնավիրուսով է վարակվել»: Ի պատասխան նշվել է, որ մայիսի 27-ի, ժամը 19:00 դրությամբ «ԱԳՆ դիվանագիտական կազմում հայտնաբերված վարակակիրներ չունենք»:

Պետք է նշեմ, որ իմ պատասխանից դուրս էր թողնվել «հայտնաբերված վարակակիրների» ձևակերպումը: Այս դիտավորյալ բացթողումը մասնագիտական չափանիշների ակնհայտ խախտում է: ԱԳՆ մեկնաբանության խեղաթյուրումն անթույլատրելի է, նույնքան անթույլատրելի է իմ տված արժանահավատ տեղեկատվությունը որպես «խաբեություն» ներկայացնելը:

Այս գրառումից առաջ տեսա, որ «Հրապարակ»-ը փորձել էր հետգրության կարգով հերքել իր ապատեղեկատվությունը, որտեղ վարակակրի մասին պնդումը փոխարինվել է կասկածներով: Սակայն այս խմբագրումը կատարվել էր ոչ ազնիվ և անկեղծ ձևով՝ փորձելով ստեղծել այնպիսի տպավորություն, որ ապատեղեկատվության համար պատասխանատու է ոչ թե խմբագրությունը, այլ՝ ԱԳՆ-ն:

Քիչ առաջ «Հրապարակ» թերթի խմբագրություն ուղարկվեց նաև պաշտոնական նամակը՝ տեղեկատվության հերքման պահանջով՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին օրենքի» դրույթի»: