Լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը կանցկացվի Երևանում


Լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը կանցկացվի Երևանում
Մայիս 25 22:52 2020

Լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը կանցկացվի Երևանում:

Արևելյան Եվրոպայի երկրների Վոլեյբոլի Ասոցիացիան (ԱԵԵՎԱ) հաստատել է 2020 թվականի լողափնյա վոլեյբոլի մրցաշարերի օրացուցային գրաֆիկը:

Երևանում օգոստոսի 28-ից-30-ը կանցկացվի ԱԵԵՎԱ կանանց լողափնյա վոլեյբոլի առաջնությունը, որն իր հերթին համարվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշար:

ԱԵԵՎԱ-ի անդամ յուրաքանչյուր երկիր ամեն տարի իրավունք ունի անցկացնել որակավորման մեկ մրցաշար։ Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանում անցկացվել է տղամարդկանց մրցաշար, իսկ այս տարի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան որոշել է Երևանում հյուրընկալել կանանց մրցաշարը։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ArmSport-ի հետ զրույցում նշեց, որ այդ որոշումը միտված է կանանց լողափնյա վոլեյբոլի մասսայականության ավելացմանը։

Մինչ այդ, հունիսին կմեկնարկի Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա կորոշվեն Երևանում անցկացվելիք որակավորման մրցաշարի մասնակից թիմերը։ «Առաջնությանը կմասնակցեն 12-14 թիմեր, հիմնականում Երևանից, և առաջինից երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն կունենան ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում»,- ասաց Կարեն Ասմարյանը։ Որակավորման մրցաշարին կմասնակցեն թիմեր նաև ԱԵԵՎԱ-ի անդամ երկրներից (ընդհանուր առմամբ 16 թիմ)։

Կարեն Ասմարյանը նշեց, որ մրցաշարի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ կապված ոչ մի խնդիր չկա, և ֆեդերացիան բավականին մեծ փորձ ունի նման մրցաշարեր անցկացնելու։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև հույս հայտնեց, որ մինչև օգոստոս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով օդային հաղորդակցության հետ կապված խնդիրները կվերանան, և բոլոր մասնակիցները կկարողանան ժամանել Երևան։

Այն հարցին, թե՞ արդյոք մեր աղջիկները հնարավորություն ունեն որակավորվելու Տոկիոյի ՕԽ-ի լողափնյա վոլեյբոլի մրցաշարին, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասաց, որ տեսականորեն մեր թիմերի վարկանիշային միավորները չեն բավարարի ՕԽ-ին մասնակցելու համար, սակայն այժմ կարևոր է ավելացնել վաստակած միավորները առաջիկա մրցաշարերում և ներկա դրությամբ մենք ունենք հեռանկարային վոլեյբոլիստներ, ովքեր հետագայում կկարողանան մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերի։ Հավանականությունը մեծ է, որ աղջիների թիմերը կմասնակցեն նաև Բաթումիի օլիմպիական մրցաշարին։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամկետները երկարաձգվել են մինչև 2021 թվականի հունիսի 13-ը: 2021 թվականի հունիսի 14-ին կկազմվի օլիմպիական վարկանիշ, որը հաշվի կառնի թիմերի 12 լավագույն արդյունքները։

 

Աղբյուր  ArmSport.am



loading...