Հնարավոր է՝ մեկ շաբաթից սահմանափակումներն աստիճանաբար թուլացվեն. վարչապետ


Հնարավոր է՝ մեկ շաբաթից սահմանափակումներն աստիճանաբար թուլացվեն. վարչապետ
Ապրիլ 6 13:42 2020

Կառավարությունը մեկ շաբաթից հնարավոր է աստիճանաբար թուլացնի սահմանափակումները, եթե կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազեն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ուղիղ եթե եմ մտել կիսվելու մի լուրով, որը հնարավոր է շատ լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման ընդհանուր դինամիկայի և տեմպի հետ կապված», - նշեց Փաշինյանը:

 

Երեկ իրականացվել է կորոնավիրուսի 263 թեստավորում, որից միայն 11-ն է դրական եղել։ Փաշինյանի խոսքով՝ ամբողջական գնահատական տալու համար պետք է սպասել մյուս օրերի տվյալներին։

 

«Սա մեզ բոլորիս պետք է ոգևորի, որ ևս մի շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեր նկատմամբ, սահմանափակումները պահենք, և եթե մեր կանխավարկածը արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին», - ասաց վարչապետը:

 

Սահմանափակումներն արդեն տվել են իրենց արդյունքը, սա արդեն, ըստ փոխվարչապետի։ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ մարտի 25-ից գործող սահմանափակումները վարակի տարածման ինտենսիվությունն են նվազեցրել՝ գործակիցը դարձնելով 1,4, այնինչ սահմանափակումներ մտցնելուց մեկ շաբաթ առաջ այդ տվյալը 2 է եղել։

 

Ավինյանը մանրամասնել է, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ի դեպ, երեկ գծապատկերներ էր հրապարակել՝ նշելով, որ դեռ 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է։ Եթե մարտի 28-ին հաստատված դեպքերը 424-ն էին, ապա արդեն մեկ շաբաթ անց տվյալները կրկնապատկվել են։

 

Հայաստանում կորոնավիրուսի արդեն 833 հաստատված դեպք կա, որից 62-ը բուժվել են։ COVID-19-ը Հայաստանում 8 մարդու կյանք է խլել։ Երեկ մահացած քաղաքացին 68 տարեկան էր ու քրոնիկ հիվանդություններ ուներ։