Իրավախախտ անձանց նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ․ ԱՀ ոստիկանություն


Իրավախախտ անձանց նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ․ ԱՀ ոստիկանություն
Ապրիլ 6 00:00 2020

Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը։

 

 

«Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ

 

Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, ում հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

 

Հասարակական կարգը հասարակական վայրերում մարդկանց վարքագիծը կարգավորող նորմերի և կանոնների պահպանման արդյունքում առաջացող հասարակական հարաբերությունն է, որը ձևավորվում է նույն հասարակության մեջ և հիմնվում է իրավական, բարոյական և այլ սովորույթային նորմերի վրա:

 

Ոստիկանության կարևորագույն խնդիրներից է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում և այլ հասարակական վայրերում։

 

Հասարակական կարգի խախտումներն օրենսդրի կողմից սահմանվել են որպես հակաիրավական արարքներ և ելնելով դրանց հանրորեն վտանգավորության աստիճանից ամրագրվել են քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։

 

Յուրաքանչյուր մարդ որևէ արարք կատարելուց առաջ պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով չպիտի խոչընդոտի այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը, այսինքն, եթե մարդը ցանկություն ունի իր անհանգստությունը արտահայտել որևէ հարցի վերաբերյալ, նախ և առաջ նա պետք է հաշվի առնի, որ իր գործողությամբ անհարմարություն է պատճառում և ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները։

 

Սեփական խնդրի լուծումը չի կարող համարվել օրինաչափ, եթե դրանով խախտվում և ոտնահարվում է այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում ըմբռնումով մոտենալ ոստիկանության կողմից ներկայացվող օրինական պահանջներին, գործել օրենքի շրջանակներում, հակաիրավական քայլեր չձեռնարկել և պահպանել սահմանադրական կարգը:

 

Հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում նախականխելու և կանխելու է բոլոր իրավախախտումները, այն գործողությունները, որոնք միտված են խաթարելու մեր հասարակության խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունն ու զարգացումը։ Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ:

 

Հետևենք օրենքի տառին և ամրապնդենք սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական և իրավական երկիր լինելու հենասյուները»,- ասվում է հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր` ապրիլի 5-ին Արցախի հեղափոխական կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան անցել էր լարված մթնոլորտում: Ոստիկանները հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հորդորել էին գնալ տուն, քաշքշոց էր սկսվել, սակայն ակցիան տեղի էր ունեցել: