ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Չինաստանը միտումնավոր խեղաթյուրել է կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի իրական թվերը. Daily Mail


ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Չինաստանը միտումնավոր խեղաթյուրել է կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի իրական թվերը. Daily Mail
Ապրիլ 2 11:20 2020

Չինաստանի իշխանությունները միտումնավոր խեղաթյուրել են կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի վերաբերյալ իրական թվերը, ինչի մասին պարզել են հետախոււզական ծառայություններն ու համապատասխան գաղտնի տեղեկությունը փոխանցել Սպիտակ տանը, գրում է Daily Mail-ը։

«Իրականությունն այն է, որ մեզ մոտ կարող էր ամեն ինչ ավելի լավ լինել, եթե Չինաստանն ավելի անկեղծ լիներ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը CNN-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ փոխնախագահն ընդունել է, որ Չինաստանը կորոնավիրուսի հարցում ավելի թափանցիկ էր, քան վերջին 15 տարիների ընթացքում այլ վարակիչ հիվանդությունների դեպքում:

«Այժմ ակնհայտ է, որ նախքան անցած տարվա դեկտեմբերը, երբ աշխարհն իմացավ Չինաստանի ունեցած խնդրի մասին, հավանական է, որ արդեն մեկ ամիս առաջ այդ երկրում համաճարակն արդեն իրականություն էր»,- հավելել է Փենսը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Չինաստանին և այլ երկրներին ազնիվ և թափանցիկ լինել իրենց երկրներում կորոնավիրուսի տվյալների վերաբերյալ։

«Տվյալների փաթեթը մեծ նշանակություն ունի։ Ուստի՝ մենք կարող ենք կյանքեր փրկել՝ հիմնվելով վստահելի տեղեկությունների վրա։ Ես բոլոր երկրներին խորհուրդ կտայի ամեն ինչ անել այդ տվյալների հավաքագրման համար։ Առավելագույնս կիսեք այն մյուս պետությունների հետ։ Մենք դա անում ենք»,-ասել է նա։

Ըստ հաղորդման՝ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը չեն ներառել ընդհանուր հաշվետվության մեջ և միայն երեքշաբթի ավելի քան 15000 ասիմպտոմատիկ դեպք են ավելացրել վարակակիրների ընդհանուր թվին:

Համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 5112 մարդ, արձանագրվել է վարակման 215 344 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։