Հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու․ Ռուստամ Բադասյանը՝ նախագծի մասին


Հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու․ Ռուստամ Բադասյանը՝ նախագծի մասին
Մարտ 31 13:01 2020

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

 

Նախարարության հաղորդագրությամ ներկայացվում էր․ 

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ թյուրընկալումներին։

 

Նախարարը հատնել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ համարել այն հանգամանքը, որ քաղաքացիները պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։

 

Այդ համատեքստում, նախարար Բադասյանը ներկայացրել է, թե ինչի մասին չէ նախագիծը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։

 

·    Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի՛ գործելու։

·    Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական        բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։

·    Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։

·    Այս ամենը որևէ կերպ Չի՛ ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը      ֆիքսելը։

·    Թեև մեկտեղվելու է օպերատորների մոտ առկա տեղեկատվությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն        քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպաակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, չե՛ն կարող մշակված տվյալների հիման      վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։

 

Ռուստամ Բադասյանը նաև բացատրել է՝  ինչու է անհրաժեշտ զանգի փաստը և ինչու է այս համակարգն արդյունավետ․ «Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել տասը անձի հետ։ Տեղակայման փաստն ուսումնասիրելիս՝ պարզվում է, որ այդ անձերից հինգը նույն վայրում են գտնվել։ Եթե նույն վայրում են գտնվել ու վերջին, օրինակ, տասն օրվա ընթացքում նաև զանգեր են կատարել միմյանց, սա ենթադրում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք շփվել են ու վարակվել են։ Այս պարագայում լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ Իսկ մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»։