14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից. Արայիկ Հարությունյան


14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից. Արայիկ Հարությունյան
Մարտ 31 12:52 2020

Արցախի Հանրապետության նախագահի 13 թեկնածուներն էլ Արայիկ Հարությունյանին հարազատ են, բոլորի հետ էլ ունի անցած ճանապարհ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

«Ընտրությունս կատարել եմ մեր երկրի ու ապագայի համար, խաղաղության, համերաշխության եւ ամենակարեւորն այս փուլում՝ առողջության համար»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրության ընթացքը, թեկնածուն ասաց, որ ակտիվությունը մեծ է. «Շատ նորմալ, բավարար, ակտիվությունը կա։ Մտահոգությունը, որ կարող էր պասիվություն լինել հանրության կողմից… տեսնում եք՝ ինչպիսի ակտիվություն էր։ Եվ սա մեր արցախցիների քաղաքացիական բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է։ Շնորակալություն եմ հայտնում մեր արցախցիներին, որոնք համբերատար հանդուրժել են մեզ եւ այսօր մասնակցում են քաղաքացիական ընտրությանը»։

Լրագրողի դիտարկմանը, որ ընտրատեղամասերի դիմաց կան մոտ 200 ընտրողներ, որոնք սպասում են իրենց հերթին, արդյոք համավարակով պայմանավորված վտանգավոր չէ՞ այդ թվով քաղաքացիների կուտակումը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Ես բժիշկ չեմ եւ ոչ էլ առողջապահության մասնագետ։ Ես պարբերաբար հայտարարել եմ՝ եթե մեր առողջապահական համակարգի պատասխանատուները որոշեին, որ անհնար է պահել սանիտարահիգիենիկ համաճարակային այդ նորմերը, ապա պետք է հետաձգվեին։ Վստահեցրել են, որ այս ամենը հնարավոր է լինելու»։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում քաղաքացիներին արգելում են դուրս գալ տնից, իսկ Արցախում հորդորում են՝ դուրս գալ տնից, Հարությունյանն ասաց. «Մենք չենք ասել՝ տնից դուրս եկեք։ Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում։ Պետք է ազգովի միավորվենք։ Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլ սպասվող տնտեսական աղետին։ Դրա համար Արցախում պետք է լինի լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կկարողանա իրականացնել այն կարեւոր առաքելությունը, որը մեզ սպասվում է»։

Այն հարցին, որ մի քանի թեկնածուներ առաջարկում էին հետաձգել ընտրությունները՝ պայմանավորված համավարակի տարածման կանխարգելմամբ, ինչո՞ւ ինքը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, Հարությունյանն ասաց. «Ես ասել եմ, եթե մեր իշխանություններն ու պատկան մարմինները որոշեն հետաձգել, ապա ես կողմ կլինեի»։

Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ աջակցություն Հայաստանի Հանրապետությունից, նախագահի թեկնածուն ասաց. «Բոլոր 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից»։



loading...